Հրաշքներն աղանդներում կամ Սատանայի հզոր զենքերից մեկը

Բազմաթիվ հակասություններ առաջացնող այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ մոտ 6 ամսից ավել քաղաքում բաժանվող հայտարարությունը այն մասին, որ մի կազմակերպություն բուժում է անբուժելի հիվանդություններ, անեծքներ, դեպրեսիաներ և այլն (տես` նկարները): Շատ աղանդների այցեքարտն է դարձել բժշկությունների գովազդը, ընդ որում սովորական հիվանդություններից արդեն չեն բուժում, միայն ծանր, անբուժելի հիվանդություններ, հետո անեծքներ, հոգեկան խանգարումներ, դեպրեսիաներ: Նախ և առաջ` ստացվում է, որ բոլոր խնդիրները այս աղանդում լուծվում են: Մի քիչ տարօրինակ է, քանի որ անգամ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ոչ բոլոր հիվանդները բժշկվեցին և ոչ բոլոր խնդիրները վերացան երկրի վրայից: Այս առիթով վերլուծությունները թողնում ենք ընթերցողի դատին:

աղանդՈ՞րն է աղանդի համար բժշկություններով մասսայական PR անելու նպատակը: Առաքելական եկեղեցին քարոզում է խաչյալ և հարուցյալ Քրիստոսին, ուղղորդում է մարդուն դեպի փրկություն, իսկ մարդու հոգևոր կայացման, կենդանի Աստծո հետ նրա հարաբերությունների ընթացքում կարող են կատարվել տարբեր հրաշքներ և բժշկություններ, սակայն եկեղեցին երբեք փրկության համար առաջնային նպատակը չի դնում բժշկությունը: Պողոս առաքյալն իր Ա Կորնթացիս նամակում գրում է. <<Բայց արդ, մնում են հավատ, հույս և սեր. Սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է>>Ա Կորնթ.13.13:

բժշկություն աղանդումԱղանդը եկեղեցուց տարբերվում է նրանով, որ Աստվածաշնչից դուրս է բերում առանձին գաղափար, կտրում կոնտեքստից, իրենց համար այն դարձնում հավատքի առկայության խորհրդանիշ և դրա շուրջ իր քաղաքականությունը կառուցելու հետևանքով սկսում տարբերվել Եկեղեցուց ու այլ աղանդներից: Այսպես, Եհովայի վկաները առաջ են քաշում Աստծո «Եհովա» անվան գաղափարը, խարիզմատիկ շարժումները`իբրև թե Սուրբ Հոգու ներգործությունը, հոգեգալստականները` օտար լեզուներով խոսելը, ադվենտիստները` շաբաթ օրվա գաղափարը և այլն: Աղանդավորները փորձում են այս ժամանակահատվածում իրադրային կրկնօրինակել այն կյանքը, որը նկարագրված է Նոր Կտակարանում` իրենց համեմատելով Հիսուսի և առաքյալների հետ, փորձում են մարդկանց խաբել, թե իբր իրենք օժտված են նույն շնորհներով և կարող են նույն հրաշքներն ու բժշկությունները կատարել: Հին և Նոր Կտակարաններում բազմաթիվ են բժշկությունները: Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում բազում բժշկություններ է կատարել ու այդ շնորհը փոխանցել է առաքյալներին, և դրանց մի մասը նկարագրված է Աստվածաշնչում: Սակայն պետք է հասկանալ, որոնք են Քրիստոսի կատարված, եկեղեցում կատարված և աղանդներում կատարված բժշկությունների տարբերությունները և ինչպես ստուգել դրանց իսկությունը:

Շատերն են սկսում Աստծուն փնտրել այն ժամանակ, երբ ունեն ընտանեկան խնդիրներ, հիվանդություններ, հիասթափություններ, և այդ փնտրտուքի ժամանակ է մարդ շատ հաճախ հանդիպում Աստծուն, սկսում մտածել իր ապրած կյանքի, մեղքերի, սխալների մասին, որոնք խնդիրների և հիվանդությունների պատճառ են դարձել և հեռացրել են Աստծուց: Հաճախ պատահում է, որ մարդը չի կարողանում ինքնուրույն վերլուծել իր խնդիրները և օգնության կարիք է զգում: Այդ ժամանակ նա փնտրում է մեկ այլ մարդու, ով կարող է իրեն օգնել: Եթե պատահում է, որ այդ օգնությունը ուղղափառ եկեղեցում է գտնում, ապա նա կկարողանա հավատքի ճշմարիտ ճանապարհով քայլել: Սակայն երբեմն պատահում է, որ մարդիկ իրենց խնդիրների լուծման նպատակով վերոհիշյալ գովազդների շնորհիվ հայտնվում են աղանդներում: Ինչու՞: Դա կարող է չիմացության արդյունք լինել կամ մոտ մարդու ուղղորդման, սակայն հաճախ պատահում է նաև, որ մարդը հեշտ ճանապարհ է փնտրում իր խնդիրներից ազատվելու համար: Եկեղեցին հենց սկզբից հորդորում է աղոթք անել, պատարագների հաճախել, պահք պահել, խորհել սեփական մեղքերի մասին, ապրել քրիստոնեական կյանքով, իսկ մարդը միշտ փորձում է գնալ ավելի հեշտ ճանապարհով: Ուրիշները կաղոթեն` ինքը կբժշկվի, խնդիրները կլուծվեն: Հենց այդ հեշտասիրությունն է նաև պատճառը խնդիրների լուծումը փնտրել ոչ թե սեփական արարքների մեջ, այլ հետևել բախտագուշակների և աստղագուշակների խորհուրդներին: Երբ Քրիստոս բժշկում էր մարդուն, դա հրավեր էր գնալու Իր ետևից, ապրելու նոր կյանքով` առանց մեղքերի: Սակայն պատահում է նաև, որ բժշկված մարդը նորից վերադառնում է իր մեղավոր կյանքին: Առաքյալները Քրիստոսից բժշկության շնորհը ստացան ի թիվս մյուս շնորհների, որոնք առաքելական հաջորդականությամբ փոխանցվեցին Քրիստոսի եկեղեցուն: Առաքելական եկեղեցում կատարվել են և կատարվում են բազմաթիվ բժշկություններ և հրաշքներ, և շատերը մեղադրում են եկեղեցուն, որ այն չի գովազդվում, դրա մասին չի խոսվում հանրորեն: Պետք է այդ առիթով հիշենք, որ Հիսուս Քրիստոս Իր կողմից բժշկվածներին պատվիրում էր այդ մասին չպատմել, իսկ աղանդավորները ոչ միայն փողահարում են իրենց «բժշկությունների» մասին, այլ նաև գովազդային արշավ են կազմակերպում: Աղանդավորները անդադար պատմելով «բժկություններ»-ի մասին, մոռանում են ընդհանրապես խոսել հոգու փրկության կարևորության մասին:

Աստծուց իրական բժշկություն ստացած մարդը կարող է վկայել, թե ինչքան դժվար է այդ անձնական, անհատական փորձառության մասին պատմել և խոսել ուրիշների հետ, մեկ-երկու մոտ մարդու կարող ես պատմել քեզ հետ կատարվածի մասին: Իսկ աղանդավորական կառույցներում շատ անգամ ենք տեսնում տեսանյութեր այն մարդկանց հետ, որոնք իբրև թե բժշկվել են տարբեր ծանր հիվանդություններից և գովաբանում են տվյալ քարոզչին և իր շնորհները: Երբ դիվահարները բժշկվում են Հայ Առաքելական եկեղեցում, այդ մարդիկ ներքին խոնարհությամբ և փառաբանությամբ են լցված առ Աստված, գիտակցում են իրենց կյանքի մեղքերը և դժվար թե կարողանան դա գովազդի առարկա դարձնել: Խարիզմատների մոտ մարդիկ խմբով են վազում դիվահարության աղոթքներին և անմիջապես աղոթքից հետո գոռում-գոչում են իրենց բժշկության մասին և հաջորդ քայլն է դառնում իրենց խորհուրդներով նոր հետևորդներ բերեն տվյալ կազմակերպություն: Առաքելական եկեղեցում բժշկվածը հստակ գիտակցում է, որ բժշկություն տվողը Աստված է, ոչ թե մարդը: Յուրաքանչյուր քահանա գիտակցում է իրեն տրված շնորհի մասին, սակայն բժշկվելու պատասխանատվությունը միայն իր վրա չի, այլ կախված է առավելաբար Աստծուց, ապա տվյալ անհատի հավատքից, նրա անցած ճանապարհից: Աղանդավորական կառույցներում հաճախ ես ականատես լինում, թե ինչպես է որևէ քարոզիչ իրեն հայտարարում դիվահալած, առաջին պատահած մարդուն, որի անունը անգամ չգիտի, ընտրում դահլիճից և սկսում բժշկել, և այդ մարդը, որն առաջին անգամ է եկել և ընդհանրապես Աստծո մասին չի լսել, հանկարծ «բժշկվում» է: Կամ մարդ, որն առաջին անգամ է եկել հավաքին և քաղցկեղ ունի` անմիջապես դահլիճում «բուժվեց»: Իսկ ո՞վ ստուգեց` որևէ բժիշկ այդ պահին արձանագրե՞ց արդյունքները: Եվ վերջ ի վերջո կան հիվանդություններ, որոնք մարդուն տրված փորձություն են հոգևոր կյանքի զորացման համար, հավատքի ամրապնդման, որոնք պատահում են նաև փորձառու և հզոր հավատք ունեցող քրիստոնյաներին: Շատ սուրբեր կան, որոնք երկար ժամանակ հիվանդ են եղել և մահացել են անբուժելի հիվանդություններից: Ի՞նչ է, ճգնավոր սրբի հավատքը ավելի պակա՞ս էր, քան հետևորդների հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրող անհայտ քարոզիչներինը:  

Իսկ ի՞նչ է իրականում բժշկության անվան տակ կատարվում աղանդներում: Նախ և առաջ` բժշկության խոստումը սատանայի զենքերից մեկն է, հաշվի առնելով մարդկային ֆիզիկական տկարությունը: Յուրաքանչյուր հավատացյալ գիտի, որ սատանան ստության հայրն է և իր կարևոր նպատակներից մեկը Քրիստոսին իրենով փոխարինելն է և այդպիսով մարդուն շեղելը ճշմարիտ ճանապարհից: Սատանան կարող է հիվանդություն առաջացնել մարդու մոտ` հետագայում բժշկության տպավորություն ստեղծելով, դիվահարել, ապա իմիտացիա անել, թե իբր այսինչ քարոզիչը բժշկել է` դիվահալածության շոու ցուցադրելու նպատակով, մարդու սրտի ակնկալիքով աղոթքի պատասխան տալ և այլն, և այդ ամենը, միայն նրա համար, որ հեռացնի եկեղեցու` հետևաբար Քրիստոսից: Մատթեոսի ավետարանում կարդում ենք. <<Ո՛չ ամեն մարդ, որ ինձ Տե՜ր, Տե՜ր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքն իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն.<<Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք>>: Եվ այն ժամանակ նրանց պիտի ասեմ. <<Ես ձեզ չեմ ճանաչել, հեռու կացե՛ք ինձանից ամենքդ, որ անօրինություն եք գործում>> Մատթեոս 7.21-23: Հակառակ Հիսուսի այս խոսքերին՝ աղանդավորները բժշկություններն իրենց սին հավատքի ճշմարիտ հավատք լինելու մասին վկայություն են համարում: Մեղքի մեջ կուրացածները չեն գիտակցում եկեղեցու դերը, բայց սատանան շատ լավ գիտի եկեղեցու տեղը մարդու փրկության գործում: Աստծուն չհավատացող անհավատը, չի հավատում նաև սատանայի գոյությանը:

Երկրորդն ինքնաներշնչանքի մեծ ուժն է, որն ունի մարդ: Ինքնաներշնչումը հոգեկան ինքնակարգավորման մեխանիզմներից մեկն է: Հոգեբույժներն օգտագործում են մարդու ներշնչվողությունը բուժման, անձնային խնդիրների լուծման, բարդույթների, վնասակար սովորությունների և վախերի դեմ պայքարի համար:

Եվ երրորդը` մարդն իսկապես հնարավոր է հզոր հավատք ունենա, սակայն այդ պահի սխալ տեղում լինի, և Աստված Իր ողորմությամբ տալիս է մարդուն աղոթքի պատասխանը, սակայն մարդուն մնում է ճիշտ ճանապարհ ընտրել: Աղոթքի միջոցով մարդը մոտենում է Աստծուն, կարողանում է տեսնել այն ճանապարհը, որով կստանա բժշկությունը և այդ ճանապարհը հաճախ տանում է մասնագետ-բժիշկների մոտ, որոնք Աստծո գործակիցներ են հանդիսանում կատարելով իրենց մասնագիտական պարտքը:

Ուղղափառ հավատքը հոգևոր ճանապարհ է, որը պետք է քայլել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ և այդ ճանապարհին շատ ավելի մեծ և սքանչելի հրաշքներ են կատարվում, քան ֆիզիկական հիվանդություններից բժշկումը:

Ալմաստ Մուրադյան

Կարդացե՛ք նաև Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս I/

Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս I/

աղանդներ, սայենթոլոգիաՍովորաբար, ինձ տրվող առաջին հարցն այսպիսին է. ի՞նչ է տոտալիտար աղանդը և ինչպե՞ս որոշել, թե որ աղանդն է տոտալիտար, իսկ որը՝ ոչ։ … ամենաառաջին չափանիշը խաբեության առկայությունն է հավաքագրման ժամանակ։ Մարդիկ, որոնք փողոցում մոտենում են ձեզ, որպեսզի հրավիրեն իրենց մոտ, խնդրեն գումարային զոհաբերություններ կամ էլ՝ առաջարկեն իրենցից որևէ բան գնել, ճնշող մեծամասնությամբ աղանդների ներկայացուցիչներ են, որոնք երբեք ձեզ չեն հայտնի, թե ինչի համար են պետք փողերը և ինչ կազմակերպություն է ձեզ հրավիրում։ Գրեթե այն ամենը, ինչ նրանք ձեզ կհայտնեն, քիչ թե շատ բացահայտ խաբեություն է…

Կամ էլ, երեկոյան վերադառնալիս, ձեր փոստարկղում հայտնաբերում եք թերթիկ՝ հետևյալ հարցերով. «Ցանկանո՞ւմ եք ճանաչել ձեզ, ծանոթանալ ինքներդ ձեզ հետ», կամ՝ «Դուք մեզ մոտ կարողեք անվճար օքսֆորդյան թեսթ անցնել»։ Այստեղ գործում է աշխարհում ամենավտագավոր՝ սայենթոլոգիան աղանդը։ Եվ այս ամենը խաբեություն է. օքսֆորդյան թեսթը բացարձակապես կապ չունի ոչ Օքսֆորդ քաղաքի, ոչ Օքսֆորդի համալսարանի, ոչ էլ, առհասարակ, հոգեբանության հետ։ Այն կազմել է առևտրային նավաստի, որը երբևիցե չի ստացել հոգեբանական կրթություն։ Այդ թեսթը պարունակում է շատ մանրամասն, ըստ որում՝ խիստ անձնական 200 հարց, և այն լրացնող մարդն իր կյանքի մանրամասները հայտնում է անհայտ անձանց։ Հարցաթերթիկն անանուն չէ, անհրաժեշտ է հայտնել տարբեր տվյալներ, այդ թվում՝ հասցե, հեռախոս, անուն, ազգանուն, տարիք։ Այդ թեսթի արդյունքը, որպես կանոն, հետևյալն է. դուք հաղորդակցման ոլորտում լուրջ պրոբլեմներ ունեք (իսկ ո՞վ չունի այդպիսի պրոբլեմ) և որպեսզի վիճակը շտկվի, անհրաժեշտ է իրենց մոտ մի փոքրիկ դասընթաց անցնել՝ հիմնված համաշխարհային ճանաչման արժանացած գիտական մեթոդի վրա, որը ոչ մի կապ չունի կրոնի հետ։ Եվ այդպես, մարդիկ ընկնում են սայենթոլոգների աղանդ։

Շարունակությունը՝ այստեղ

Աղբյուրը՝ Ալեքսանդր Դվորկին, Տոտոլիտար աղանդներ, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց