Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Մեթոդ (III)

Սկիզբը՝ այստեղ

աղանդ, մեթոդՄեթոդն այն է, ինչն առաջնորդին առաջնորդ է դարձնում: Դա նրա հայտնագործությունն է, որով նա սկսում է աշխարհի նվաճումը: Մեթոդը պետք է լինի պարզ, հասանելի, համընդգրկուն, բայց և դրա բանալիները պետք է մշտապես գտնվեն գուռուի կամ կազմակերպության ձեռքում: Այդ մեթոդը լիարժեք կերպով՝ մինչև վերջ, անփոխանցելի է: Կազմակերպությունից դուրս այն կիրառելի չէ, դրա բանալիները շարունակում են մնալ կազմակերպության ձեռքում:

Ինչ վերաբերում է պարզությանն ու մատչելիությանը, ապա այստեղ ամեն բան հասկանալի է՝ մենք ապրում ենք հրահանգների (инструкция) դարում, որոնցում ամեն բան չափագրված է: Օրինակ, մարդը գնում է մի փաթեթ, բացում այն, բաժակի մեջ դատարկում դրա պարունակությունը, վրան ջուր ավելացնում և խմում: «Դրախտային վայելք»… Սա հենց «լուծվող կրոնականությունն» է: Ցանկացած աղանդ առաջարկում է նման պարզ հրահանգներ, այսպիսի պարզ դեղատոմս՝ եկեք մեզ մոտ, մենք ձեզ կսովորեցնենք անել այսինչը և այնինչը, և դուք հասու կլինեք: Ինչի՞ն: Ահա այստեղից էլ սկիզբ է առնում ցանկացած աղանդի մեթոդը, նրա համապարփակությունը, համընդգրկությունը: Վերցրեք ցանկացած աղանդավորական (ինչպես օրինակ՝ «Աում Սինրիկեի») թերթիկ և կկարդաք, որ աղանդին անդամագրվելը բարելավում է առողջությունը, զարգացնում ինտելեկտը, հաջողություն է բերում, սովորեցնում է լևիտացիա անել (թռչել օդում), մուտք գործել անհավատալի երանության վիճակի մեջ, հասնել փրկության:

Բերեմ մեկ այլ բնութագրական օրինակ: Ձեզնից շատերը լսած կլինեն «Տրանսցենդենտալ մեդիտացիա» անունը կրող աղանդի մասին: Նրանք Շելկովում մի գործարան ունեն, որտեղ կուռքի զոհաբերման բլիթներ են պատրաստում, որոնք մարդիկ ուտում են՝ առանց որևէ բան կասկածելու: Օմսկից ստացված տեղեկության համաձայն, «Տրանսցենդենտալ մեդիտացիա»-ն առաջարկել է այնտեղ՝ «Մահարիշիի Համալսարանի» կողմից մի մեծ համակարգչային կենտրոն կառուցել:

Այսպիսով, աղանդի ներկայացուցիչները ասում են, որ կրոնի հետ ոչ մի կապ չունեն, որ տրանսցենդենտալ մեդիտացիան գիտականորեն ապացուցված մեթոդ է, գրաֆիկներ ու սխեմաներ են ցուցադրում (ինչը Ռուսաստանում հատկապես մեծ հաջողություն է ունենում) և ուսուցանում են որոշակի մանթրա՝ վանկ կամ մի երկու բառ արտասանել տևականորեն՝ քսան րոպե, առավոտյան և երեկոյան: Դրա արդյունքում, համաձայն իրենց խոստման, դուք կստանք ամեն ինչ՝ կբարելավվի առողջությունը, կաճի ինտելեկտուալ գործակիցը, հաջողության կհասնեք աշխատանքում: Եթե յուրաքանչյուր ձեռնարկության աշխատավորների 20%-ը առավոտյան և երեկոյան մեդիտացիա անի, ապա արտադրանքի թողարկման ծավալը կաճի մի քանի անգամ: Եթե քաղաքային բնակչության 10-15%-ը մեդիտացիա անի, ապա կանհետանա հանցավորությունը և սկիզբ կառնի բարգավաճումը, իսկ եթե մեդիտացիան տարածվի ողջ երկրում, ապա վերջինս այնպիսի զինված ուժեր կունենա, որ ոչ ոք երբեք չի հարձակվի, իսկ եթե ողջ աշխարհը մեդիտացիա անի, ապա նրանում կթագավորի հավիտենական խաղաղությունը և համերաշխությունը…

աղանդ, մեթոդՍայենթոլոգիական մեթոդը սկզբից շատ պարզ է թվում: Հաբարդի ուսմունքի համաձայն, կյանքի ընթացքում մեր հոգու մեջ նստվածք են տալիս ինչ-ինչ բացասական հետքեր՝ էնգրամներ: Հենց դրանք են կյանքում մեր ունեցած բոլոր անախորժությունների պատճառը: Մրսել ես՝ ուրեմն գործել է ինչ-որ էնգրամ, ողնաշարդ է ցավում՝ նույնպես էնգրամն է, վիճել ես կնոջդ հետ՝ կրկին էնգրամն է: Եվ այսպես անսահմանորեն: Հարկ է ջնջել այդ էնգրամները, և մարդը իսկական գերմարդ կդառնա, կվերադառնան հաջողությունը, առողջությունը, ձեռք կբերի անհավանական ֆիզիկական ուժ, մի խոսքով՝ ամեն բան, ինչ ցանկանում ես:

Մեթոդի բանալին մնում է աղանդի ձեռքում: Դուք ցուցակագրվում եք առաջին կուրսի (դասընթացի) համար, որն արժե, օրինակի համար, 70 դոլար, և անցնում եք այն, բայց պարզվում է, որ դուք դույզն ինչ առաջխաղացման չեք գնացել: Ձեզ պատասխանում են՝ բայց սա դեռ սկիզբն է, իսկ ամենահետաքրքրականը երկրորդ կուրսում է: Հետո՝ երրորդ կուրս, չորրորդ, հինգերորդ: Դա նմանվում է ավանակի դնչի առաջ կախված գազարին, որի հետևից նա պետք է շարունակի վազել, բայց բռնել այն անկարելի է: Տիրում է մի այնպիսի վիճակ, որ մնացել է շատ քիչ մեդիտացիա անել կամ ևս մեկ կուրս անցնել, կամ խմբի մեջ ներգրավել ևս այսինչ թվով հետևորդներ, և մտածում ես. չէ՞ որ արդեն այդքան ճանապարհ ես անցել… Այսպիսի մեթոդի օգնությամբ ձեզ ամուր պահում են կարթից կախված:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Հրաշքներն աղանդներում կամ Սատանայի հզոր զենքերից մեկը

Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

աղանդ, լեզուՀասկանալու համար, թե ինչ է աղանդավորությունը, անհրաժեշտ է անպայման կարդալ Ջորջ Օրուելի «1984» գիրքը։ Դա ուղղակի հակաուտոպիա է։ Օրուելը տալիս է սեփական քաղաքացիների անհատականությունը դաժանորեն ճնշող «իդեալական» տոտալիտար պետության նկարագիրը։ Իրականում, այնտեղ նկարագրված մթնոլորտը ներաղանդային կյանքի մթնոլորտն է։ Գիտակցության ստրկացման և վերահսկման մեխանիզմները, որոնք ձևակերպել և նկարագրել է հեղինակը, նույնն են, ինչ աղանդների մեջ գործողները։ Այդ ամենի հետ մեկտեղ, Օրուելը բացահայտել է մի օրենք. նա, ով վերահսկում է մարդու լեզուն, կարող է վերահսկել նաև նրա գիտակցությունը։ Չէ՞ որ աղանդ ընկնելով՝ զոհն սկսում է խոսել նրա լեզվով։ Դա կարող է լինել ռուսերեն լեզուն, սակայն նրբորեն նենգափոխված առանցքային բառերը ձեռք են բերում ամբողջովին այլ նշանակություն, և հետևորդն ակամա սկսում է մտածել աղանդավորական կատեգորիաներով։ Ձեզանից նրանք, ովքեր շփվել են այս կամ այն աղանդի անդամների հետ, թերևս ուշադրություն են դարձրել հետևյալ առանձնահատկությանը, որը կարելի է կոչել «մագնիտոֆոնի էֆեկտ», երբ մարդը բացարձակապես չի ընկալում այն, ինչ իրեն ասում եք, այլ միայն ձեռր առանձին բառերն ասես խաղում են մագնիտոֆոնի կոճակը սեղմող մատի դեր։ Աղանդավորը որսում է ձեր նախադասությունից որևէ բառ, կոճակը սեղմվում է, և նա արտասանում է համապատասխան տեքստ։ Այն, ինչ դուք շարունակում եք ասել, շրջանցում է նրա գիտակցությունը, չնայած դուք նրա հետ խոսում եք նորմալ մարդկային լեզվով։ Նա պարզապես ունակ չէ ընկալելու ձեր խոսակցությունը։

աղանդ լեզուԲազում աղանդներ իրենց համար բարդ լեզուներ են հորինում։ Օրինակ, սայենթոլոգները պետք է անգիր անեն հաբարդիզմի բազմահատոր բառարանը (Հաբարդը սայենթոլոգիայի հիմնադիրն է)։ Բայց նույնիսկ ավելի թույլ լեզվաբանական ուղղվածություն ունեցող աղանդում կան բազում տերմիններ (դրանք կոչվում են ծանրաբեռնված տերմիններ), որոնք կրում են ամբողջովին այլ իմաստային և հուզական բեռնվածություն՝ ոչ այն, որն ի սկզբանե իրենց մեջ ունեին։ Օրինակ, «ավանդական» բառն իրենց մեջ ասես սեղմում է որոշակի կոճակ՝ առաջացնելով որոշակի ասոցիացիաների շղթա։

Այսպիսով, ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նրա գիտակցությունը… Մարդկանց մեծամասնությունն այսօր շատ դժվար է հասկանում այնպիսի պարզ բառեր, ինչպիսիք են՝ «մեղք», «ապաշխարություն», «սրբություն», «շնորհ», «աղոթք», և այլն։ Միացրեք հեռուստացույցը, կտեսնեք, որ մի ծրագրով խոսում են կարմայից, մյուսո ծրագրով՝ էներգետիկայից, երրորդով՝ տիեզերական բանականությունից, չորրորդով՝ չակրաների բացման մասին, հինգերորդով՝ մեդիտացիայի։ Եվ երբ հայտնվում է հերթական մեկն ու հայտարարում, որ կարող է բացել ձեր չակրաները և սովորեցնել ամենաարդյունավետ մեդիտացիայի տեխնիկան, այդ բառերն ուղիղ ընկնում են լավ պարարտացված հողի մեջ։ Իսկ երբ հոգևորականն է խոսում աղոթքի, ապաշխարության, և եկեղեցական արարողություններն մասնակցելու անհրաժեշտության մասին, դա արդեն անհասկանալի է մեզ։ 

Մեզ հայտնի է լեզու փոխելու մի ցնցող փորձ. 20-րդ դարում բոլշևիկները, փաստորեն, վերաձևեցին ողջ ռուսաց լեզուն։ Մարշակը մի բանաստեղծություն ունի, որտեղ հետաքրքրասեր պիոները հարցնում է սպիտակամորուս ծերունուն, թե ինչ են «թագավոր», «ծառա», «աստված», «գորոդովոյ» բառերը, և նա պատասխանում է, որ իրոք եղել են նման գարշելի բառեր, բայց հիմա դրանք չկան, և որքան երջանիկ ես դու, որ ստիպված չես իմանալ այդ բառերը։ Եվ ի՞նչ, փոխարենը ծնվեցին այլ բառեր… Իսկ այսօր նորալեզուն բավական հաջող փոխարինվում է մեկ ուրիշով…

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացե՛ք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ