Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Մեթոդ (III)

Սկիզբը՝ այստեղ

աղանդ, մեթոդՄեթոդն այն է, ինչն առաջնորդին առաջնորդ է դարձնում: Դա նրա հայտնագործությունն է, որով նա սկսում է աշխարհի նվաճումը: Մեթոդը պետք է լինի պարզ, հասանելի, համընդգրկուն, բայց և դրա բանալիները պետք է մշտապես գտնվեն գուռուի կամ կազմակերպության ձեռքում: Այդ մեթոդը լիարժեք կերպով՝ մինչև վերջ, անփոխանցելի է: Կազմակերպությունից դուրս այն կիրառելի չէ, դրա բանալիները շարունակում են մնալ կազմակերպության ձեռքում:

Ինչ վերաբերում է պարզությանն ու մատչելիությանը, ապա այստեղ ամեն բան հասկանալի է՝ մենք ապրում ենք հրահանգների (инструкция) դարում, որոնցում ամեն բան չափագրված է: Օրինակ, մարդը գնում է մի փաթեթ, բացում այն, բաժակի մեջ դատարկում դրա պարունակությունը, վրան ջուր ավելացնում և խմում: «Դրախտային վայելք»… Սա հենց «լուծվող կրոնականությունն» է: Ցանկացած աղանդ առաջարկում է նման պարզ հրահանգներ, այսպիսի պարզ դեղատոմս՝ եկեք մեզ մոտ, մենք ձեզ կսովորեցնենք անել այսինչը և այնինչը, և դուք հասու կլինեք: Ինչի՞ն: Ահա այստեղից էլ սկիզբ է առնում ցանկացած աղանդի մեթոդը, նրա համապարփակությունը, համընդգրկությունը: Վերցրեք ցանկացած աղանդավորական (ինչպես օրինակ՝ «Աում Սինրիկեի») թերթիկ և կկարդաք, որ աղանդին անդամագրվելը բարելավում է առողջությունը, զարգացնում ինտելեկտը, հաջողություն է բերում, սովորեցնում է լևիտացիա անել (թռչել օդում), մուտք գործել անհավատալի երանության վիճակի մեջ, հասնել փրկության:

Բերեմ մեկ այլ բնութագրական օրինակ: Ձեզնից շատերը լսած կլինեն «Տրանսցենդենտալ մեդիտացիա» անունը կրող աղանդի մասին: Նրանք Շելկովում մի գործարան ունեն, որտեղ կուռքի զոհաբերման բլիթներ են պատրաստում, որոնք մարդիկ ուտում են՝ առանց որևէ բան կասկածելու: Օմսկից ստացված տեղեկության համաձայն, «Տրանսցենդենտալ մեդիտացիա»-ն առաջարկել է այնտեղ՝ «Մահարիշիի Համալսարանի» կողմից մի մեծ համակարգչային կենտրոն կառուցել:

Այսպիսով, աղանդի ներկայացուցիչները ասում են, որ կրոնի հետ ոչ մի կապ չունեն, որ տրանսցենդենտալ մեդիտացիան գիտականորեն ապացուցված մեթոդ է, գրաֆիկներ ու սխեմաներ են ցուցադրում (ինչը Ռուսաստանում հատկապես մեծ հաջողություն է ունենում) և ուսուցանում են որոշակի մանթրա՝ վանկ կամ մի երկու բառ արտասանել տևականորեն՝ քսան րոպե, առավոտյան և երեկոյան: Դրա արդյունքում, համաձայն իրենց խոստման, դուք կստանք ամեն ինչ՝ կբարելավվի առողջությունը, կաճի ինտելեկտուալ գործակիցը, հաջողության կհասնեք աշխատանքում: Եթե յուրաքանչյուր ձեռնարկության աշխատավորների 20%-ը առավոտյան և երեկոյան մեդիտացիա անի, ապա արտադրանքի թողարկման ծավալը կաճի մի քանի անգամ: Եթե քաղաքային բնակչության 10-15%-ը մեդիտացիա անի, ապա կանհետանա հանցավորությունը և սկիզբ կառնի բարգավաճումը, իսկ եթե մեդիտացիան տարածվի ողջ երկրում, ապա վերջինս այնպիսի զինված ուժեր կունենա, որ ոչ ոք երբեք չի հարձակվի, իսկ եթե ողջ աշխարհը մեդիտացիա անի, ապա նրանում կթագավորի հավիտենական խաղաղությունը և համերաշխությունը…

աղանդ, մեթոդՍայենթոլոգիական մեթոդը սկզբից շատ պարզ է թվում: Հաբարդի ուսմունքի համաձայն, կյանքի ընթացքում մեր հոգու մեջ նստվածք են տալիս ինչ-ինչ բացասական հետքեր՝ էնգրամներ: Հենց դրանք են կյանքում մեր ունեցած բոլոր անախորժությունների պատճառը: Մրսել ես՝ ուրեմն գործել է ինչ-որ էնգրամ, ողնաշարդ է ցավում՝ նույնպես էնգրամն է, վիճել ես կնոջդ հետ՝ կրկին էնգրամն է: Եվ այսպես անսահմանորեն: Հարկ է ջնջել այդ էնգրամները, և մարդը իսկական գերմարդ կդառնա, կվերադառնան հաջողությունը, առողջությունը, ձեռք կբերի անհավանական ֆիզիկական ուժ, մի խոսքով՝ ամեն բան, ինչ ցանկանում ես:

Մեթոդի բանալին մնում է աղանդի ձեռքում: Դուք ցուցակագրվում եք առաջին կուրսի (դասընթացի) համար, որն արժե, օրինակի համար, 70 դոլար, և անցնում եք այն, բայց պարզվում է, որ դուք դույզն ինչ առաջխաղացման չեք գնացել: Ձեզ պատասխանում են՝ բայց սա դեռ սկիզբն է, իսկ ամենահետաքրքրականը երկրորդ կուրսում է: Հետո՝ երրորդ կուրս, չորրորդ, հինգերորդ: Դա նմանվում է ավանակի դնչի առաջ կախված գազարին, որի հետևից նա պետք է շարունակի վազել, բայց բռնել այն անկարելի է: Տիրում է մի այնպիսի վիճակ, որ մնացել է շատ քիչ մեդիտացիա անել կամ ևս մեկ կուրս անցնել, կամ խմբի մեջ ներգրավել ևս այսինչ թվով հետևորդներ, և մտածում ես. չէ՞ որ արդեն այդքան ճանապարհ ես անցել… Այսպիսի մեթոդի օգնությամբ ձեզ ամուր պահում են կարթից կախված:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Հրաշքներն աղանդներում կամ Սատանայի հզոր զենքերից մեկը

Մարդու համար դժվար է խոստովանել, որ ինքը հիմարություն է արել

աղանդ, հերբալայֆԱղանդներից յուրաքանչյուրը մի որոշակի համադրություն է, նրանք բավական բարդ և ոչ միանշանակ ծագում ունեն (հազվադեպ բացառություններով)։ Եվ այս էկլեկտիկ «կրոնական հետմոդեռնիզմ»-ն էլ հենց այն կեղծ համադրության պտուղն է, որն սկիզբ է առել Բլավատսկայայից և նրա թեոսոֆիական* տեսություններից. երբևիցե գոյություն չունեցած մի արհեստական համադրություն, որն սպանում է իսկական կրոնական զգացմունքները։ Հարցը չափազանց բարդ է. կարելի՞ է այդ աղանդներն ընդհանրապես կրոն համարել։ «Կրոն» բառը նշանակում է «հաղորդակցություն Աստծո հետ», իսկ աղանդներում այդ հաղորդակցությունը մշտապես տեղի է ունենում առաջնորդի հետ, աղանդի պարագլխի հետ։

Գոյություն ունեն աղանդներ, որոնք չունեն ուսմունք, ուսմունք Աստծո մասին։ Ժամանակակից դասական ձևակերպմամբ, անգամ կրոն հասացության ամենալայն իմաստով, կրոն է կոչվում մահվան հաղթահարման և հոգևոր աշխարհի հետ կապ հաստատելու փորձը։ Կրոնագետները նմանատիպ աղանդներն անվանում են կոմերցիոն պաշտամունքներ։ Այդպիսի աղանդի տիպիկ օրինակ է «Հերբալայֆ»-ը։ Այս աղանդը կրոնական ուսմունք չունի, բայց գործելակերպն ամբողջովին աղանդավորական է։

Ալեքսանդր ԴվորկինՊատմեմ «Հերբալայֆ» կատարած այցիս տպավորությունները։ Այստեղ գալով, սկզբում լսում ես խլացուցիչ երաժշտություն։ Բոլորը պարում են, թռչկոտում միևնույն տակտի ներքո, միասնաբար վանկարկում են։ Այնուհետև, երաժշտույթւոնը կտրուկ դադարոմ է, դուրս է գալիս մի մարդ և սկսում խոսել։ Նա խոսում է անգլիական ակցենտով և շարահյուսությամբ։ Եվ այսպես են խոսում բոլոր այնտեղ գտնվողները, բոլորը՝ միանման։ Ես հարցրեցի, թե արդյոք իրենցից որևէ մեկը գիտի անգլերեն։ Պարզվեց, որ չգիտեն։ Բայց խոսում են մոտավորապես այսպես. «Բարև ձեզ, մենք շատ ուրախ ենք ձեզ ողջունելու այստեղ։ Ինչ լավ է, որ դուք եկել եք, մենք ուրախ ենք, որ դուք այստեղ եք այսօր»։ Եվ սկսում են «հերբալայֆի ավետարանի» պատմությունը ամերիկացի Մարկ Հյուզի մասին, որի մայրը հոլիվուդյան դերասանուհի է եղել։ Նրան մի դեր խաղալու համար պետք էր 20 կիլոգրամ նիհարել և նա հասնում է դրան որոշակի դիետայով։ Խաղում է իր դերը, ստանում «Օսկար» մրցանակ, բայց շուտով մահանում է, որովհետև դիետան ճիշտ չէր եղել։ Եվ Մարկ Հյուզը, մի ազնվաբարո մարդ, երդվում է գտնել միջոց, որով բոլորը կկարողանան նիհարել և չմահանալ։ Նա արշավում է Հիմալայներ, շփվում այնտեղի իմաստունների հետ, գտնում այն միջոցը, որը մարդուն տալիս է ուժ, աշխուժություն, առողջույթւոն՝ միանգամից աշխարհում ամեն ինչ։ Վերադարձին նա իր տատին գտնում է մահամերձ վիճակում, այնպես որ անգամ բերանը բացել չի կարողանում։ Նրան տալիս է իր բերած միջոցից և տատիկն արդեն հաջորդ օրը սկսում է «պոլկա» պարել և զբաղվում է այդ դեղամիջոցը Լոս-Անջելեսով մեկ վաճառելով։ «Եվ ահա վերջապես, ես ուրախ եմ, որ դուք մեր խմբին մերձենալու մի այսպիսի առիթ ունեք։ Թող կանգնեն նրանք, ովքեր կարող են պատմել այս ամենի մասին»։

աղանդներԵվ մեկը մյուսի ետևից բեմ են բարձրանում մարդիկ։ Դա շատ նման է այն բանին, երբ մարդիկ ելույթ են ունենում աղանդավորական հավաքույթներում. երբ ինչ-որ մեկն ասում է, թե ինքն էլ էր մեղավոր, իսկ հիմա սուրբ է։ Եվ, ահա, ինչ-որ մեկն սկսում է պատմել. «Ես թոքախտով հիվանդ էի (կամ խոց ունեի, կամ էլ լյարդի կեսը կտրված էր), ես սկսեցի հերբալայֆ օգտագործել, և ընդամենը 3 շաբաթ անց, տեսեք, թե ինչպիսին եմ ես»։ «Շնորհակալ եմ քեզանից, Արդատադրա՜նք (այսինքն՝ հերբալայֆ), դու փոխեցիր իմ կյանքը»։

Այստեղ առկա են աղանդի բոլոր հատկանիշներ՝ մեկուսացված շրջապատ, սեփական լեզու, ընտրյալության զգացում, առաքելության զգացում, որն իրենք բերում են աշխարհին։ Նրանք նույնիսկ իրենց կարգախոսն ունեն՝ «Our mission is nutrition!»` «Մեր առաքելությունը սնունդն է»։ Իսկ կրոնական ուսմունքն այստեղ բացակայում է։

Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ. «Հերբալայֆ»-ը կոմերցիոն բնույթի կազմակերպություն է՝ կառուցված բուրգի նմանությամբ, որտեղ հարստանում է միմիայն վերնախավը՝ ամենանեղ շրջանակը։ Իսկ ինչպե՞ս պահել մյուսներին։ Կա ինչ-որ մի դեղամիջոց, որի միջոցով մարդը կա՛մ կնիհարի, կա՛մ էլ՝ ոչ։ Դրա բաղադրությանը մենք ծանոթ չենք՜ Կարելի է միայն ենթադրել, որ այն պարունակում է մի շարք ամֆետամիններ**, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։ Մարդը գնում է հերբալայֆ, նիհարում է, կամ էլ՝ հակառակը։ Իսկ հետո ի՞նչ։ Իսկ հետո ասվում է՝ նիհարեցիք դուք թե ոչ, կարող եք դառնալ հեքիաթային հարուստ մարդ, եթե փորձեք տարածել հերբալայֆը։ Մարդը գնելով այդ արտադրանքը, վաճառում է իր բոլոր ծանոթներին և մտերիմներին (որովհետև, դուք գնում եք այդ արտադրանքը սեփական փողերով և հետո միայն սկսում վերավաճառել)։ Եվ ահա, ամբողջ բնակարանը լցված է հերբալայֆով, ո՞ւր խցկել՝ չգիտեք։ Եվ այդտեղ է, որ միանում է երրորդ էլեմենտը. շատ լավ, դուք չնիհարեցիք և չհարստացաք, բայց դրա փոխարեն՝ դուք ընտրյալների մի հիասքանչ կազմակերպության անդամ եք, որն աշխարհին բերում է ազատույթուն և լուսավորություն։ Այսինքն՝ առողջության և հարստության փոխարեն տրվում է գաղափարախոսություն։ Եվ մարդը, որքան ավելի շատ է ուժ և առողջույթուն ներդնում այդտեղ, այնքան ավելի դժվարանում է հեռանալը, ինչպես դա տեղի ունեցավ Մոսկվայում «MMM» Մավրոդիի հետ, որը բոլորին դաժանորեն խաբեց, իսկ հետո նրան պատգամավոր ընտրեցին։ Չափազանց դժվար է մարդու համար խոստովանել, որ ինքը հիմարություն է արել։ Այն ամենն ինչ նա ներդրել է, նրան պահում է։ Օրինակ՝ երբ Միլերը XIX դարում հայտարարեց Քրիստոսի գալուստի և աշխարհի վախճանի մասին (ադվենտիզմի*** սկիզբը), մարդիկ դադարեցին վարել-ցանել և սպիտակ հագուստներով հավաքվեցին մի սարի վրա։ Բայց Քրիստոսի գալուստը տեղի չունեցավ, աշխարհի վերջը չկայացավ։ Թվում էր, թե վե՛րջ. ադվենտիզմը չի լինի այլևս, բայց ոչ՝ միայն մի քանիսը հեռացան, իսկ մնացածները սկսեցին բացատրույթւոններ մոգոնել, թե ինչու դա տեղի րունեցավ և նրանց հավատքն ավելի ամրապնդվեց։ Այստեղ ևս նույնն է. չափազանց շատ են ներդրել, ուստի դժվար է հրաժարվելը։

* Միստիկ ուսմունք՝ ստեղծված Ելենա Բլավատսկայայի կողմից։ Այն բուդդիզմի և արևելյան այլ կրոնների և օկուլտիզմի ու այլափառ քրիստոնեության տարրերի էկլեկտիկ խառնուրդ է։

** Դեղամիջոցներ են, որոնք օգտագորվում են որպես թմրանյութ և կախվածություն առաջ բերելու հատկություն ունեն։

*** Հիմնվել է բողոքական շարժման ճյուղերից մեկի՝ Մկրտչական (բապըիստական) եկեղեցու անդամ Ուիլիամ Միլերի (1772-1849 թթ.) կողմից։ Քարոզում են Քրիստոսի մոտալուտ գալուստը։ Առաջնորդներից են նաև Հ. Էդսոնը և Հ. Ուայթը։ Գործում է ՀՀ-ում։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին

աղանդների 3 մակարդակներԱղանդների թվի մասին խոսելը չափազանց դժվար է, որովհետև կարելի է խոսել անդամության առնվազն 3 մակարդակների մասին, որոնք պայմանականորեն կարելի է պատկերել 3 համակենտրոն շրջանակներով։ Ներքին շրջանակը «պրոֆեսիոնալ» աղանդավորներն են. դրանք այն մարդիկ են, որոնք իրենց ապրուստը վաստակում են միմիայն այդ գործունեությամբ։ Դա ղեկավար դասն է, բարձրագույն օղակը՝ տարբեր տեսակի միստիկ բժիշկներ, էքստրասենսներ, արևելյան մարտարվեստ և յոգայի մարմնամարզություն դասավանդողներ և այլն։ Իրականում այդպիսի մարդիկ ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել. օրինակ՝ արևմտյան լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ նրանց թիվը 1.5-2 անգամ գերազանցում է ավանական Եկեղեցիների ծառայողների թվին… 1996 թ. մի հանրահայտ աղբյուրում այսպիսի թվեր էին բերվել. Ռուսաստանում կան 400-500 հազար տարբեր տեսակի մոգեր, միստիկ բժշկողներ, էքստրասենսներ, որոնցից 100 հազարը Մոսկվայում են։ Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի ուժի պետք է դիմակայել։

աղանդ / sectՀաջորդ շրջակակն ավելի լայն է։ Դրանք այն աղանդավորներն են, որոնք ժամանակը մշտապես անցկացնում են տվյալ աղանդում, ապրում են այնտեղ, իրենք իրենց անվերապահորեն նվիրել են աղանդավորական գործունեությանը։ Այս շրջանակը շատ ավելի նեղ է, քան կարելի է պատկերացնել։ Այդպիսի «լիադրույք» աղանդավորներն այնքան շատ չեն և հաճախ գտնվում են մշտական հոսքի մեջ՝ տեղափոխվելով մեկ աղանդից մյուսը։ Գրեթե բոլոր ժամանակակից տոտալիտար աղանդները, քիչ թե շատ րափով, մարդու գիտակցությանը լուրջ վնաս են հասցնում և մարդն ինքնուրույն կյանք վարելու անընդունակ է դառնում։ Մարդուն այդտեղից դուրս բերելու և բուժելու համար անհրաժեշտ է լինում վերականգնման երկարատև շրջան անցնել։ Շատերը, այս կամ այն պատճառովմ իրենց արդեն իսկ խեղած աղանդից դուրս հայտնվելով, չեն կարողնում գտնել իրենց տեղը կյանքում, չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ կիրառեն իրենց ուժերը. բոլոր տեսակի սոցիալական կապերը խզված են, հետ են վարժվել ինքնուրույն որոշումներ կայացնելուց, իսկ այն ունակությունները, որոնց տիրապետում էին, վաղուց արդեն կորցրել են։ Տվյալ ֆենոմենը հոգեբանների կողմից մանրամասն լուսաբանված է։ Ենթադրենք, մարդն աղանդ է գալիս 20 տարեկանում։ Հեռանալով այնտեղից 20 տարի անց՝ 40 տարեկան հասակում, նա հոգեբանորեն և հուզականությամբ մնում է 20 տարեկան. հասակում նորից որևէ բան սկսելը շատ դժվար է լինում, եթե ոչ անհնար։ Եվ հուսահատված, նա կա՛մ վերադառնում է իր հին կետին, կա՛մ էլ տեղափոխվում է մեկ այլ աղանդ։ Եվ աղանդի անդամների այսպիսի հոսունության հաշվին՝ աղանդավորների քանակն ավելի մեծ է թվում, քան իրականում կա…

աղանդ / sectԱղանդավորների ամենամեծ շրջանակը երրորդն է՝ աղանդավորական շարժման մեջ մասամբ ներքաշված մարդիկ… Դրանք այն մարդիկ են, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են յոգայի դասախոսությունների, իսկ որևէ հիվանդության դեպքում կարող են դիմել որևէ էքստրասենսի կամ էլ հեքիմի, դիմում են գուշակների, կազմում բախտացույցներ, մասնակցում որևէ աղանդի ժողովի, բայց նաև՝ լինում այլ ժողովներում, լսում էզոթերիկայի դասընթացներ, նաև կարդում օկուլտային գրականություն և այլն։ Դրանք մարդիկ են, որոնք ֆոն են ստեղծում աղանդների բարենպաստ գոյատևման համար. այն պղտոր և սնուցող մթնոլորտը, որտեղ աղանդները կարող են աճել և բազմանալ։ Եվ անհրաժեշտ է, որ մենք աշխատանք տանենք հիմանակնում այս շրջանակի մարդկանց հետ, որպեսզի աղանդավորներին թույլ չտրվի այստեղից նոր կադրեր հայթայթել։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

Կախվածության ձևավորման պատճառները (մաս 3-րդ)

Սկիզբը՝ այստեղ

Կախվածության ձևավորման պատճառները

Մյուս միֆն այն է, որ նման երեխայի ծնողներն իրենք կամ ալկոհոլիկ են, կամ թմրամոլ: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը կարող է բազում օրինակներ բերել, երբ բավականին բարեկեցիկ ընտանիքի երեխան դառնում է թմրամոլ, ալկոհոլիկ կամ այլ վատ սովորությունների ստրուկ: Եվ իրոք, շատ հրապարակումներից և մասնագետներից կարելի է լսել, որ կախվածություն ունեցողները դուրս են գալիս անապահով ընտանիքներից։ Դա համապատասխանում է իրականությանը, սակայն կարևոր է հստակեցնել, թե կոնկրետ ինչ է հասկացվում «անապահով ընտանիք» հասկացության տակ։ Տարիներ շարունակ համարվում էր, որ եթե հայրը կամ մայրը չեն խմում կամ կռվում, ուրեմն ընտանիքը «ապահովված» է։ Միգուցե բնակչության համընդհանուր անապահովութան պայմաններում այդպիսի  վիճակն արդեն ուրախության առիթ էր։ Սակայն ընտանիքի  «ապահովվածությունը»՝ իբրև առողջ երեխաների ծնվելու և դաստիարակության երաշխիք, շատ ավելի լայն հասկացություն է։ Արդեն նշվեց, որ բռնությունը և հիպերխնամքը անապահովության գործոններ են։ Եվ եթե բնության առումով ամեն ինչ հասկանալի է, ապա հիպերխնամքի պարագայում՝ ոչ այնքան. այնպես չէ՞։

Ինչո՞ւ է հիպերխնամքը անապահովության ցուցիչ։ Որովհետև գերխնամող կամ գերվերահսկող ծնողները դա անում են ոչ մեծ երջանկությունից կամ ուրախությունից։ Վերահսկելու և խնամելու մոլուցքը կախվածության նույնպիսի ցուցիչ է, ինչպես արդեն իսկ նշվածները։ Խնամող ծնողը չի զբաղվում սեփական կյանքով ամբողջությամբ, քանի որ չգիտի սեփական պահանջմունքները, սովոր չէ ուշադրություն դարձնել դրանց՝ կապված իր ցածր ինքնագնահատականի կամ էլ պահանջմունքները բավարարելու անկարողության հետ։ Կյանքի այդպիսի մոդելների ծագման մասին մենք արդեն գիտենք։ Վերահսկող ծնողը խիստ է. նա այն երեխաներից է եղել, որոնք չեն հաշտվել այն մտքի հետ, որ աշխարհն իրենց չի ենթարկվում։ Եթե ավելի լայն դիտարկենք, վերահսկելու հակվածությունն ավելի շատ արտահայտվում է այն մարդկաց մոտ, ովքեր իրենց ապահով չեն զգում։ Միայն թե ոմանց մոտ այն դրսևորվում է խնամքի տեսքով՝ փափուկ ոչ ակնհայտ բանտի, իսկ մյուսների մոտ՝ երեխայի համար դաժան, ակնհատ բանտի տեսքով։ Երկու դեպքում էլ ծնողն ի վիճակի չէ վերահսկելու սեփական կյանքը, բավարարելու սեփական պահանջմունքները, ուստի և զբաղվում է նրանով, ինչն իրեն թեկուզ ժամանակավորապես ենթակա է. սեփական երեխաներով։ Այդպիսով, կախվածություն դրսևորող վարքագծի մոդելը երեխաները ձեռք են բերում հենց ծնողներից։

Գոյության ունեն մի շարք օրինաչափություններ հասարակության զարգացման ընթացքում, որոնք ազդում են մարդկանց մոտ կախվածություն դրսևորող վարքագծի ձևավորման վրա։ Նման գործոններից մեկը տվյալ պետության պատմությունն է։ [Հեղինակը խոսում է իր երկրի մասին, սակայց տվյալ դեպքում օրինակները մեծ մասամբ կիրառելի են նաև մեզ համար]։ Մեր երկրի պատմության մեջ բավականին շատ են աղետալի իրադարձությունները. պատերազմներ, հեղափոխություններ, բռնաճնշումներ։ Նման ժամանակներում, երբ երկրի բնակչության գոյատևելու վտանգ կա, հասարակությունը համախմբվում է, որպեսզի գոյատևի, կանխի իր վախճանը և միասնական ջանքեր գործադրի, որպեսզի բարելավի կյանքի պայմանները։ Դա նշանակում է, որ առաջնային պլան է գալիս մարդկային հիմնարար պահանջմունքների բավարարումը. սննդի, ծածկի, անվտանգության, սերնդի շարունակականության։ Հանուն այս պահանջմունքների բավարարման՝ վտանգների և դեֆիցիտի պայմաններում, մարդիկ համախմբվում են և անտեսում սեփական անհատական պահանջմունքները, տվյալ շրջանում դարձնում դրանք աննշան։ Ու դա արդարացված է նման ծանր ժամանակաշրջաններում։ Սակայն եթե հետտրավմատիկ ժամանակաշրջանում տեղի չի ունենում այդ ցավոտ փորձի վերանայում, և օրգանիզմը չի հարմարվում փոփոխված պայմաններին՝ խաղաղ կյանքին, այլ շարունակում է ճնշել իր անձնական պահանջմունքները, ներքին կոնֆլիկտ է հասունանում։ Բայց քանի որ սեփական պահանջմունքների հայտնաբերման և բավարարման հմտությունները վարժեցված չեն, բարկությունը ելք չի ստանում՝ բացի ուրիշներին վերահսկելուց և կախվածության տարբեր ձևերից։

Դուք կարող եք հեշտությամբ տեսնել այս երևույթը, եթե հիշեք Ձեր ծանոթներից մեկին, ով վերադարձել է թեժ (պատերազմական) վայրերից։ Նման մարդիկ հոգեբանական վերականգնման կարիք ունեն, որպեսզի սովորեն ապրել խաղաղ պայմաններում, սովորեն հայտնաբերել սեփական անհատականությունը և ինքնառեալիզացվեն։ Այժմ պատկերացրեք, որ մեր ամբողջ երկիրը մի քանի տասնամյակ ու նույնիսկ հարյուրամակ շարունակ ապրել է թեժ կետում։ Ու այժմ մենք ապրում ենք երկրում, որը վարակված է հետտրավմատիկ համախտանիշով։ Հետտրավմատիկ համախտանիշը բնութագրվում է դեպրեսիայիով, կյանքի իմաստի բացակայությամբ, ուժասպառությամբ, կույր բարկության անկառավարելի պոռթկումներով… Մարդկանց մի քանի սերունդներ ապրել են տրավմայի և հետտրավմատիկ համախտանիշի պայմաններում։ Իսկ հետտրավմատիկայի հետ աշխատանքը կարող է տևել հաճախ տարուց ավելի՝ մինչև լրիվ վերականգնումը։ Դա այն դեպքում, եթե աշխատանք է տարվում։ Բայց մեր բնակչությունը գոյություն ունեցող միֆերի պատաճառով հակված չէ դիմելու հոգեբանական օգնության համար… [կարող ենք ասել, որ մեզ մոտ այդ վիճակը քայլ առ քայլ հաղթահարվում է]։ Քանի դեռ խնդիրը չի վերածվել թմրամոլության, ալկոհոլիզմի, ինքնասպանության փորձերի և դևինանտ (այսինքն՝ հանցագործ, քայքայող և հակասոցիալական) վարքագծի. այս խնդիրները կարելի է լուծել և պետք է լուծել։

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն

Կարդացե՛ք նաև Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

Կախվածության ձևավորման պատճառները (մաս 2-րդ)

Սկիզբը՝ այստեղ

Երեխայի զարգացման այդպիսի խանգարումներ կարող են տեղի ունենալ հիմնականում 2 պատճառով, որոնք արդեն հիշատակվել են։ Այժմ դրանց մասին մանրամասն.

Ծնողական հիպերխնամք

Առաջին պատճառ – Ծնողական հիպերխնամք

Երբ մայրը չափից դուրս շատ է պաշտպանում երեխային դժվարություններից, նրա մոտ կորում է ձգտումը զարգացնելու պահանջմունքների բավարարման սեփական մեխանիզմները։ Այդ ժամանակ մեծացող երեխան կարող է բախվել այն փաստին, որ աշխարհում ամեն ինչ չի ենթարկվում իր պահանջներին այնպես, մինչդեռ մոր դեպքում հակառակն էր։ Եվ դա ճակատագրի շատ դառը կատակ է։ Որովհետև մորը վերահսկելուն սովորած երեխան, հայտնվելով իրավիճակում, երբ արդեն չի կարողանում վերահսկել ուրիշ մարդկանց, սկսում է զգալ չարություն, բարկություն և, ամենակարևորը՝ զգում է իրեն անհաջողակ։ Իսկ նրա շուրջը ուրիշ դեռահասներ, որոնք դաստիարակվել են ավելի ռեալիստական պայմաններում, իրենց սեփական հմտություններով ձեռք են բերում այն, ինչ ինքը չի կարող ստանալ՝ իրենց հարմար հարաբերություններ, ստեղծագործական ինքնաարտահայտում, բավարարող մասնագիտական փնտրտուք։ ության և բավարարված չլինելու զգացումն աճում է, և շատ հաճախ դեռահասը բախվում է «շուկայում» գոյություն ունեցող առաջարկներին՝ «սթրեսի հաղթահարման համար», ի դեմս ալկոհոլի, թեթև թմրադեղերի, ծխախոտի։ Դա հաճախ բերում է կախվածության շատ ծանր տեսակների, եթե դեռահասը չի սկսում պահանջմունքների ինքնուրույն բավարարման սեփական հմտություններ ձեռք բերել։

Նման դեպքերում, որպես կանոն, ամենահարմարը ավագ ընկերը, ընկերը, հոգեթերապևտը կամ ուսուցիչն է։ Բայց համաձայնեք, որ հաճախ այդպիսի մարդ շրջապատում չի լինում։ Ավելի հաճախ, հենց իր պես «անհաջողակներ» են լինում և սթրեսի հաղթահարման տխրահռչակ շուկան։ Իսկ տանը նա այդ խնդիրները չի կարող լուծել։ Նախ և առաջ, քանի որ հիպերխնամող մայրիկը համոզված է, որ ինքը իդեալական մայր է, և փոխանակ առաջարկի երեխային ինքնուրույնություն և առաջկցություն այդ հարցում, սկսում է ավելի խնամել և վերահսկել՝ տեսնելով իր զավակի այդպիսի վիճակը։ Երկրորդ, երբ մայրը բարի է, թվում է, թե պատճառ չկա նրա վրա զայրանալու։ Բայց զայրանալը՝ իբրև ռեակցիա չբավարարված պահանջմունքներին և պատճառ այդ անբավարարվածության, կուտակվում է։ Վրա է հասնում ներքին կոնֆլիկտը. Ես բարկանում եմ նրա (մոր) հանդեպ, բայց ես չպետք է բարկանամ։ Բարկությունը ճնշվում է և ուղղվում ուրիշների հանդեպ կամ, ինչն ավելի վատ է՝ ինքն իր դեմ։ Իսկ սեփական անձի դեմ ուղղված բարկության ամենավերին աստիճանը ինքնասպանությունն է (սուիցիդ)։

Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Երկրորդ պատճառ – Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Բռնությունը 4 տեսակ է լինում. հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական։ Բռնության նշված բոլոր տեսակներն էլ հավասար չափով վնաս են հասցնում երեխայի հոգեկանին և ազդում փոփոխվող պայմաններում հարմարվելու (ադապտացվելու) նրա ունակության, դժվարություններ հաղթահարելու և ինքնաարտահայտվելու ու պահանջմունքները բավարարելու հետ կապված խնդիրներ լուծելու վրա։ Բռնության կամ անտեսվածության մթնոլորտում մեծացած երեխան զրկված է զարգանալու համար անհրաժեշտ պայմաններից՝ էմոցիոնալ աջակցությունից, սեփական անձի արժեքի գիտակցումից։ Արդյունքում ձևավորվում է ցածր ինքնագնահատական, առաջանում անվստահություն սեփական ուժերի նկատմամբ և ինչ-որ բան փորձելու վախ։ Երեխան նույնպես չի կարող ձևավորել միջավայրին հարմարվելու (ադապտացիա) և պահանջմունքները բավարարելու իր մեխանիզմները։ Նա պարզապես հրաժարվում է դրանք բավարարելուց՝ պայմանավորված անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Որպես արդյունք ծնողների կողմից երկարատև ճնշման և իր իսկ կողմից բարկության ճնշման՝ հակվածություն է զարգանում դեպրեսիայի նկատմամբ ու նույն սցենարն է իրականանում, ինչ որ երեսառած երեխայի դեպքում. պարզ միջոցների փնտրտուք՝ բավարարված զգալու համար։

Առողջ մարդու համար բավարարվածությունն առաջանում է շնորհիվ իրականացված պահանջմունքների։ Դրանք մի շարք կեսաբանական, հոգեբանական, մտավոր, սոցիալական պահանջմունքներ են, որոնց բավարարման համար առողջ մարդը ջանքեր է թափում, ռազմավարություն է մշակում և հմտություններ է ձեռք բերում։ Վերը նշված պայմաններում դաստիարակված երեխաների համար ռեալիզացիայի նման ձևը բարդանում է, քանի որ այդ հմտությունները յուրացնելու բուն մեխանիզմին նրանք վարժված չեն։ Ուստի նրանք ընտրում են ավելի մատչելի և պակաս աշխատատար ձևեր՝ բավարարվածություն զգալու կամ անբավարարության զգացումից վերացարկվելու համար՝ տարբեր տեսակի խթանիչներ, թմրանյութեր, շեղող կամ մխիթարող գործոններ։ Եվ դառնում են դրանցից կախված։

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն

Կախվածության ձևավորման պատճառները (մաս 1-ին)

Կախվածության ձևավորման պատճառները

Ներկայումս տարանջատում են կախվածության մի քանի տեսակ, որոնք ունեն նույն հոգեֆիզիոլոգիական բնույթը. կախվածություն ալկոհոլից, ծխախոտից, թմրադեղերից, խաղերից (ազարտային և համակարգչային խաղեր), կախվածություն սննդից, (բուլիմիա, անորեքսիա), ինֆորմացիոն կախվածություն (հետուստացույց, համացանց), էմոցիոնալ կախվածություն (շատ ուժեղ սեր, անպատասխան սեր, անինքնուրույնություն, համացանցային կամ հեռախոսային շփման մեծ պահանջ), աշխատանքային կախվածություն (աշխատամոլություն), կախվածություն գնումներից (շոփփինգ-կախվածություն), սեռական կախվածություն (այդթվում՝վիրտուալ) և այլ կախվածություններ, որոնք ավելի յուրահատուկ դրսևորումներ ունեն։

Արդեն նշվեց, որ կախվածության բոլոր տեսակներն ունեն միանման բնույթ և առաջանում են տարբեր գործոնների ամբողջության ազդեցության տակ՝ կենսաբանական (բիոլոգիական), հոգեբանական, հոգեկան և սոցիալական (հասարակական)։ Կախվածության մասին տարածված միֆ է, որ այն առաջանում է վատ շրջապատի ազդեցությամբ։ Կարելի է ասել, որ ամեն ինչ տեղի է ունենում հակառակ հերթականությամբ. հենց կախվածության նկատմամբ ձևավորված հակվածության շնորհիվ է երեխան հայտնվում վատ շրջապատում։ Այսինքն՝ կախվածությունը ձևավորվում է մեծահասակների, ծնողների կողմից կամ եթե երեխան ծնողների հետ չի ապրում՝ դաստիարակողների կողմից։

Դա տեղի է ունենում շատ վաղ տարիքում՝ շատ ավելի վաղ, քան երեխան կկարողանա մտնել ինչ-որ շրջապատ և վատ սովորություններ ձեռք կբերի, այսինքն՝ երեխայի կյանքի առաջին տարիներին։ «Կախվածություն» տերմինը հումանիստական հոգեվերլուծության համատեքստում նշանակում է անինքնուրույնություն, կապվածություն մի բանին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավարարված զգալ իրեն՝ ջանքեր չթափելով հասնելու այդ բավարարվածությանը։ Այդ անինքնուրույնությունն արտահայտվում է հենց այլ՝ առողջ միջոցներով բավարարվածության հասնելու անընդունակությամբ։ Բանն այն է, որ մարդն իր զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլեր՝ ամբողջական կախվածությունից մինչև գրեթե ամբողջական ինքնաբավություն։

Զարգացումը ենթադրում է մշտական հավասարակշռություն նորի ճանաչողության (ինչը կապված է ռիսկի հետ) և անվտանգության միջև (ինչը սահմանափակում է գործողությունները): Զարգացման առաջին փուլը մանկությունն է. սա երեխայի՝ մորից լրիվ կախվածության փուլն է: Ապա, մեծանալուն հետ, երբ պահանջմունքների ինքնուրույն բավարարման հնարավորություններն աճում են, կախվածությունը մորից նվազում է: Դա տեղի է ունենում նորմալ, առողջ դաստիրարակության դեպքում: Եվ եթե մայրն աջակցում է երեխայի ձգտմանը՝ զարգանալու և առանձնանալու իրենից ու ընդունում նրան առանց քննադատության սխալների ժամանակ, ապա նա ստեղծում է հնարավոր առավելագույն վստահություն երեխայի մեջ առ այն, որ նա լինի ինքնուրույն՝ ճանաչելու վտանգներով լի աշխարհը: Բայց սա իդեալական վիճակն է:

Իրականում այսպես հազվադեպ է տեղի ունենում: Սովորական դաստիարակությունը հաճախ շեղվում է այս կամ այն կողմ: Կա՛մ բացակայում է աջակցությունը երեխային՝ շարժվելու դեպի աշխարհ, կա՛մ երեխան արգելափակվում է աշխարհից: Այդպիսով, աշխարհին (շրջապատին) հարմարվելու ունակությունների ձևավորումը դանդաղում և խախտվում է: Ուստի, դաստիարակության շեղումների դեպքում կախվածությունը մորից՝ իբրև պահանջմունքների բավարարման օբյեկտ, չի նվազում, և այդ վարքագծային սովորությունը (օգտագործել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին պահանջմունքների բավարարման համար) տեղափոխվում է այլ օբյեկտների կամ մարդկանց վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն