Կախվածության ձևավորման պատճառները (մաս 1-ին)

Կախվածության ձևավորման պատճառները

Ներկայումս տարանջատում են կախվածության մի քանի տեսակ, որոնք ունեն նույն հոգեֆիզիոլոգիական բնույթը. կախվածություն ալկոհոլից, ծխախոտից, թմրադեղերից, խաղերից (ազարտային և համակարգչային խաղեր), կախվածություն սննդից, (բուլիմիա, անորեքսիա), ինֆորմացիոն կախվածություն (հետուստացույց, համացանց), էմոցիոնալ կախվածություն (շատ ուժեղ սեր, անպատասխան սեր, անինքնուրույնություն, համացանցային կամ հեռախոսային շփման մեծ պահանջ), աշխատանքային կախվածություն (աշխատամոլություն), կախվածություն գնումներից (շոփփինգ-կախվածություն), սեռական կախվածություն (այդթվում՝վիրտուալ) և այլ կախվածություններ, որոնք ավելի յուրահատուկ դրսևորումներ ունեն։

Արդեն նշվեց, որ կախվածության բոլոր տեսակներն ունեն միանման բնույթ և առաջանում են տարբեր գործոնների ամբողջության ազդեցության տակ՝ կենսաբանական (բիոլոգիական), հոգեբանական, հոգեկան և սոցիալական (հասարակական)։ Կախվածության մասին տարածված միֆ է, որ այն առաջանում է վատ շրջապատի ազդեցությամբ։ Կարելի է ասել, որ ամեն ինչ տեղի է ունենում հակառակ հերթականությամբ. հենց կախվածության նկատմամբ ձևավորված հակվածության շնորհիվ է երեխան հայտնվում վատ շրջապատում։ Այսինքն՝ կախվածությունը ձևավորվում է մեծահասակների, ծնողների կողմից կամ եթե երեխան ծնողների հետ չի ապրում՝ դաստիարակողների կողմից։

Դա տեղի է ունենում շատ վաղ տարիքում՝ շատ ավելի վաղ, քան երեխան կկարողանա մտնել ինչ-որ շրջապատ և վատ սովորություններ ձեռք կբերի, այսինքն՝ երեխայի կյանքի առաջին տարիներին։ «Կախվածություն» տերմինը հումանիստական հոգեվերլուծության համատեքստում նշանակում է անինքնուրույնություն, կապվածություն մի բանին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավարարված զգալ իրեն՝ ջանքեր չթափելով հասնելու այդ բավարարվածությանը։ Այդ անինքնուրույնությունն արտահայտվում է հենց այլ՝ առողջ միջոցներով բավարարվածության հասնելու անընդունակությամբ։ Բանն այն է, որ մարդն իր զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլեր՝ ամբողջական կախվածությունից մինչև գրեթե ամբողջական ինքնաբավություն։

Զարգացումը ենթադրում է մշտական հավասարակշռություն նորի ճանաչողության (ինչը կապված է ռիսկի հետ) և անվտանգության միջև (ինչը սահմանափակում է գործողությունները): Զարգացման առաջին փուլը մանկությունն է. սա երեխայի՝ մորից լրիվ կախվածության փուլն է: Ապա, մեծանալուն հետ, երբ պահանջմունքների ինքնուրույն բավարարման հնարավորություններն աճում են, կախվածությունը մորից նվազում է: Դա տեղի է ունենում նորմալ, առողջ դաստիրարակության դեպքում: Եվ եթե մայրն աջակցում է երեխայի ձգտմանը՝ զարգանալու և առանձնանալու իրենից ու ընդունում նրան առանց քննադատության սխալների ժամանակ, ապա նա ստեղծում է հնարավոր առավելագույն վստահություն երեխայի մեջ առ այն, որ նա լինի ինքնուրույն՝ ճանաչելու վտանգներով լի աշխարհը: Բայց սա իդեալական վիճակն է:

Իրականում այսպես հազվադեպ է տեղի ունենում: Սովորական դաստիարակությունը հաճախ շեղվում է այս կամ այն կողմ: Կա՛մ բացակայում է աջակցությունը երեխային՝ շարժվելու դեպի աշխարհ, կա՛մ երեխան արգելափակվում է աշխարհից: Այդպիսով, աշխարհին (շրջապատին) հարմարվելու ունակությունների ձևավորումը դանդաղում և խախտվում է: Ուստի, դաստիարակության շեղումների դեպքում կախվածությունը մորից՝ իբրև պահանջմունքների բավարարման օբյեկտ, չի նվազում, և այդ վարքագծային սովորությունը (օգտագործել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին պահանջմունքների բավարարման համար) տեղափոխվում է այլ օբյեկտների կամ մարդկանց վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն