Կախվածության ձևավորման պատճառները (մաս 2-րդ)

Սկիզբը՝ այստեղ

Երեխայի զարգացման այդպիսի խանգարումներ կարող են տեղի ունենալ հիմնականում 2 պատճառով, որոնք արդեն հիշատակվել են։ Այժմ դրանց մասին մանրամասն.

Ծնողական հիպերխնամք

Առաջին պատճառ – Ծնողական հիպերխնամք

Երբ մայրը չափից դուրս շատ է պաշտպանում երեխային դժվարություններից, նրա մոտ կորում է ձգտումը զարգացնելու պահանջմունքների բավարարման սեփական մեխանիզմները։ Այդ ժամանակ մեծացող երեխան կարող է բախվել այն փաստին, որ աշխարհում ամեն ինչ չի ենթարկվում իր պահանջներին այնպես, մինչդեռ մոր դեպքում հակառակն էր։ Եվ դա ճակատագրի շատ դառը կատակ է։ Որովհետև մորը վերահսկելուն սովորած երեխան, հայտնվելով իրավիճակում, երբ արդեն չի կարողանում վերահսկել ուրիշ մարդկանց, սկսում է զգալ չարություն, բարկություն և, ամենակարևորը՝ զգում է իրեն անհաջողակ։ Իսկ նրա շուրջը ուրիշ դեռահասներ, որոնք դաստիարակվել են ավելի ռեալիստական պայմաններում, իրենց սեփական հմտություններով ձեռք են բերում այն, ինչ ինքը չի կարող ստանալ՝ իրենց հարմար հարաբերություններ, ստեղծագործական ինքնաարտահայտում, բավարարող մասնագիտական փնտրտուք։ ության և բավարարված չլինելու զգացումն աճում է, և շատ հաճախ դեռահասը բախվում է «շուկայում» գոյություն ունեցող առաջարկներին՝ «սթրեսի հաղթահարման համար», ի դեմս ալկոհոլի, թեթև թմրադեղերի, ծխախոտի։ Դա հաճախ բերում է կախվածության շատ ծանր տեսակների, եթե դեռահասը չի սկսում պահանջմունքների ինքնուրույն բավարարման սեփական հմտություններ ձեռք բերել։

Նման դեպքերում, որպես կանոն, ամենահարմարը ավագ ընկերը, ընկերը, հոգեթերապևտը կամ ուսուցիչն է։ Բայց համաձայնեք, որ հաճախ այդպիսի մարդ շրջապատում չի լինում։ Ավելի հաճախ, հենց իր պես «անհաջողակներ» են լինում և սթրեսի հաղթահարման տխրահռչակ շուկան։ Իսկ տանը նա այդ խնդիրները չի կարող լուծել։ Նախ և առաջ, քանի որ հիպերխնամող մայրիկը համոզված է, որ ինքը իդեալական մայր է, և փոխանակ առաջարկի երեխային ինքնուրույնություն և առաջկցություն այդ հարցում, սկսում է ավելի խնամել և վերահսկել՝ տեսնելով իր զավակի այդպիսի վիճակը։ Երկրորդ, երբ մայրը բարի է, թվում է, թե պատճառ չկա նրա վրա զայրանալու։ Բայց զայրանալը՝ իբրև ռեակցիա չբավարարված պահանջմունքներին և պատճառ այդ անբավարարվածության, կուտակվում է։ Վրա է հասնում ներքին կոնֆլիկտը. Ես բարկանում եմ նրա (մոր) հանդեպ, բայց ես չպետք է բարկանամ։ Բարկությունը ճնշվում է և ուղղվում ուրիշների հանդեպ կամ, ինչն ավելի վատ է՝ ինքն իր դեմ։ Իսկ սեփական անձի դեմ ուղղված բարկության ամենավերին աստիճանը ինքնասպանությունն է (սուիցիդ)։

Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Երկրորդ պատճառ – Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Բռնությունը 4 տեսակ է լինում. հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական։ Բռնության նշված բոլոր տեսակներն էլ հավասար չափով վնաս են հասցնում երեխայի հոգեկանին և ազդում փոփոխվող պայմաններում հարմարվելու (ադապտացվելու) նրա ունակության, դժվարություններ հաղթահարելու և ինքնաարտահայտվելու ու պահանջմունքները բավարարելու հետ կապված խնդիրներ լուծելու վրա։ Բռնության կամ անտեսվածության մթնոլորտում մեծացած երեխան զրկված է զարգանալու համար անհրաժեշտ պայմաններից՝ էմոցիոնալ աջակցությունից, սեփական անձի արժեքի գիտակցումից։ Արդյունքում ձևավորվում է ցածր ինքնագնահատական, առաջանում անվստահություն սեփական ուժերի նկատմամբ և ինչ-որ բան փորձելու վախ։ Երեխան նույնպես չի կարող ձևավորել միջավայրին հարմարվելու (ադապտացիա) և պահանջմունքները բավարարելու իր մեխանիզմները։ Նա պարզապես հրաժարվում է դրանք բավարարելուց՝ պայմանավորված անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Որպես արդյունք ծնողների կողմից երկարատև ճնշման և իր իսկ կողմից բարկության ճնշման՝ հակվածություն է զարգանում դեպրեսիայի նկատմամբ ու նույն սցենարն է իրականանում, ինչ որ երեսառած երեխայի դեպքում. պարզ միջոցների փնտրտուք՝ բավարարված զգալու համար։

Առողջ մարդու համար բավարարվածությունն առաջանում է շնորհիվ իրականացված պահանջմունքների։ Դրանք մի շարք կեսաբանական, հոգեբանական, մտավոր, սոցիալական պահանջմունքներ են, որոնց բավարարման համար առողջ մարդը ջանքեր է թափում, ռազմավարություն է մշակում և հմտություններ է ձեռք բերում։ Վերը նշված պայմաններում դաստիարակված երեխաների համար ռեալիզացիայի նման ձևը բարդանում է, քանի որ այդ հմտությունները յուրացնելու բուն մեխանիզմին նրանք վարժված չեն։ Ուստի նրանք ընտրում են ավելի մատչելի և պակաս աշխատատար ձևեր՝ բավարարվածություն զգալու կամ անբավարարության զգացումից վերացարկվելու համար՝ տարբեր տեսակի խթանիչներ, թմրանյութեր, շեղող կամ մխիթարող գործոններ։ Եվ դառնում են դրանցից կախված։

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն

Advertisements

Կախվածության ձևավորման պատճառները (մաս 1-ին)

Կախվածության ձևավորման պատճառները

Ներկայումս տարանջատում են կախվածության մի քանի տեսակ, որոնք ունեն նույն հոգեֆիզիոլոգիական բնույթը. կախվածություն ալկոհոլից, ծխախոտից, թմրադեղերից, խաղերից (ազարտային և համակարգչային խաղեր), կախվածություն սննդից, (բուլիմիա, անորեքսիա), ինֆորմացիոն կախվածություն (հետուստացույց, համացանց), էմոցիոնալ կախվածություն (շատ ուժեղ սեր, անպատասխան սեր, անինքնուրույնություն, համացանցային կամ հեռախոսային շփման մեծ պահանջ), աշխատանքային կախվածություն (աշխատամոլություն), կախվածություն գնումներից (շոփփինգ-կախվածություն), սեռական կախվածություն (այդթվում՝վիրտուալ) և այլ կախվածություններ, որոնք ավելի յուրահատուկ դրսևորումներ ունեն։

Արդեն նշվեց, որ կախվածության բոլոր տեսակներն ունեն միանման բնույթ և առաջանում են տարբեր գործոնների ամբողջության ազդեցության տակ՝ կենսաբանական (բիոլոգիական), հոգեբանական, հոգեկան և սոցիալական (հասարակական)։ Կախվածության մասին տարածված միֆ է, որ այն առաջանում է վատ շրջապատի ազդեցությամբ։ Կարելի է ասել, որ ամեն ինչ տեղի է ունենում հակառակ հերթականությամբ. հենց կախվածության նկատմամբ ձևավորված հակվածության շնորհիվ է երեխան հայտնվում վատ շրջապատում։ Այսինքն՝ կախվածությունը ձևավորվում է մեծահասակների, ծնողների կողմից կամ եթե երեխան ծնողների հետ չի ապրում՝ դաստիարակողների կողմից։

Դա տեղի է ունենում շատ վաղ տարիքում՝ շատ ավելի վաղ, քան երեխան կկարողանա մտնել ինչ-որ շրջապատ և վատ սովորություններ ձեռք կբերի, այսինքն՝ երեխայի կյանքի առաջին տարիներին։ «Կախվածություն» տերմինը հումանիստական հոգեվերլուծության համատեքստում նշանակում է անինքնուրույնություն, կապվածություն մի բանին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավարարված զգալ իրեն՝ ջանքեր չթափելով հասնելու այդ բավարարվածությանը։ Այդ անինքնուրույնությունն արտահայտվում է հենց այլ՝ առողջ միջոցներով բավարարվածության հասնելու անընդունակությամբ։ Բանն այն է, որ մարդն իր զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլեր՝ ամբողջական կախվածությունից մինչև գրեթե ամբողջական ինքնաբավություն։

Զարգացումը ենթադրում է մշտական հավասարակշռություն նորի ճանաչողության (ինչը կապված է ռիսկի հետ) և անվտանգության միջև (ինչը սահմանափակում է գործողությունները): Զարգացման առաջին փուլը մանկությունն է. սա երեխայի՝ մորից լրիվ կախվածության փուլն է: Ապա, մեծանալուն հետ, երբ պահանջմունքների ինքնուրույն բավարարման հնարավորություններն աճում են, կախվածությունը մորից նվազում է: Դա տեղի է ունենում նորմալ, առողջ դաստիրարակության դեպքում: Եվ եթե մայրն աջակցում է երեխայի ձգտմանը՝ զարգանալու և առանձնանալու իրենից ու ընդունում նրան առանց քննադատության սխալների ժամանակ, ապա նա ստեղծում է հնարավոր առավելագույն վստահություն երեխայի մեջ առ այն, որ նա լինի ինքնուրույն՝ ճանաչելու վտանգներով լի աշխարհը: Բայց սա իդեալական վիճակն է:

Իրականում այսպես հազվադեպ է տեղի ունենում: Սովորական դաստիարակությունը հաճախ շեղվում է այս կամ այն կողմ: Կա՛մ բացակայում է աջակցությունը երեխային՝ շարժվելու դեպի աշխարհ, կա՛մ երեխան արգելափակվում է աշխարհից: Այդպիսով, աշխարհին (շրջապատին) հարմարվելու ունակությունների ձևավորումը դանդաղում և խախտվում է: Ուստի, դաստիարակության շեղումների դեպքում կախվածությունը մորից՝ իբրև պահանջմունքների բավարարման օբյեկտ, չի նվազում, և այդ վարքագծային սովորությունը (օգտագործել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին պահանջմունքների բավարարման համար) տեղափոխվում է այլ օբյեկտների կամ մարդկանց վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն