Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Մեթոդ (III)

Սկիզբը՝ այստեղ

աղանդ, մեթոդՄեթոդն այն է, ինչն առաջնորդին առաջնորդ է դարձնում: Դա նրա հայտնագործությունն է, որով նա սկսում է աշխարհի նվաճումը: Մեթոդը պետք է լինի պարզ, հասանելի, համընդգրկուն, բայց և դրա բանալիները պետք է մշտապես գտնվեն գուռուի կամ կազմակերպության ձեռքում: Այդ մեթոդը լիարժեք կերպով՝ մինչև վերջ, անփոխանցելի է: Կազմակերպությունից դուրս այն կիրառելի չէ, դրա բանալիները շարունակում են մնալ կազմակերպության ձեռքում:

Ինչ վերաբերում է պարզությանն ու մատչելիությանը, ապա այստեղ ամեն բան հասկանալի է՝ մենք ապրում ենք հրահանգների (инструкция) դարում, որոնցում ամեն բան չափագրված է: Օրինակ, մարդը գնում է մի փաթեթ, բացում այն, բաժակի մեջ դատարկում դրա պարունակությունը, վրան ջուր ավելացնում և խմում: «Դրախտային վայելք»… Սա հենց «լուծվող կրոնականությունն» է: Ցանկացած աղանդ առաջարկում է նման պարզ հրահանգներ, այսպիսի պարզ դեղատոմս՝ եկեք մեզ մոտ, մենք ձեզ կսովորեցնենք անել այսինչը և այնինչը, և դուք հասու կլինեք: Ինչի՞ն: Ահա այստեղից էլ սկիզբ է առնում ցանկացած աղանդի մեթոդը, նրա համապարփակությունը, համընդգրկությունը: Վերցրեք ցանկացած աղանդավորական (ինչպես օրինակ՝ «Աում Սինրիկեի») թերթիկ և կկարդաք, որ աղանդին անդամագրվելը բարելավում է առողջությունը, զարգացնում ինտելեկտը, հաջողություն է բերում, սովորեցնում է լևիտացիա անել (թռչել օդում), մուտք գործել անհավատալի երանության վիճակի մեջ, հասնել փրկության:

Բերեմ մեկ այլ բնութագրական օրինակ: Ձեզնից շատերը լսած կլինեն «Տրանսցենդենտալ մեդիտացիա» անունը կրող աղանդի մասին: Նրանք Շելկովում մի գործարան ունեն, որտեղ կուռքի զոհաբերման բլիթներ են պատրաստում, որոնք մարդիկ ուտում են՝ առանց որևէ բան կասկածելու: Օմսկից ստացված տեղեկության համաձայն, «Տրանսցենդենտալ մեդիտացիա»-ն առաջարկել է այնտեղ՝ «Մահարիշիի Համալսարանի» կողմից մի մեծ համակարգչային կենտրոն կառուցել:

Այսպիսով, աղանդի ներկայացուցիչները ասում են, որ կրոնի հետ ոչ մի կապ չունեն, որ տրանսցենդենտալ մեդիտացիան գիտականորեն ապացուցված մեթոդ է, գրաֆիկներ ու սխեմաներ են ցուցադրում (ինչը Ռուսաստանում հատկապես մեծ հաջողություն է ունենում) և ուսուցանում են որոշակի մանթրա՝ վանկ կամ մի երկու բառ արտասանել տևականորեն՝ քսան րոպե, առավոտյան և երեկոյան: Դրա արդյունքում, համաձայն իրենց խոստման, դուք կստանք ամեն ինչ՝ կբարելավվի առողջությունը, կաճի ինտելեկտուալ գործակիցը, հաջողության կհասնեք աշխատանքում: Եթե յուրաքանչյուր ձեռնարկության աշխատավորների 20%-ը առավոտյան և երեկոյան մեդիտացիա անի, ապա արտադրանքի թողարկման ծավալը կաճի մի քանի անգամ: Եթե քաղաքային բնակչության 10-15%-ը մեդիտացիա անի, ապա կանհետանա հանցավորությունը և սկիզբ կառնի բարգավաճումը, իսկ եթե մեդիտացիան տարածվի ողջ երկրում, ապա վերջինս այնպիսի զինված ուժեր կունենա, որ ոչ ոք երբեք չի հարձակվի, իսկ եթե ողջ աշխարհը մեդիտացիա անի, ապա նրանում կթագավորի հավիտենական խաղաղությունը և համերաշխությունը…

աղանդ, մեթոդՍայենթոլոգիական մեթոդը սկզբից շատ պարզ է թվում: Հաբարդի ուսմունքի համաձայն, կյանքի ընթացքում մեր հոգու մեջ նստվածք են տալիս ինչ-ինչ բացասական հետքեր՝ էնգրամներ: Հենց դրանք են կյանքում մեր ունեցած բոլոր անախորժությունների պատճառը: Մրսել ես՝ ուրեմն գործել է ինչ-որ էնգրամ, ողնաշարդ է ցավում՝ նույնպես էնգրամն է, վիճել ես կնոջդ հետ՝ կրկին էնգրամն է: Եվ այսպես անսահմանորեն: Հարկ է ջնջել այդ էնգրամները, և մարդը իսկական գերմարդ կդառնա, կվերադառնան հաջողությունը, առողջությունը, ձեռք կբերի անհավանական ֆիզիկական ուժ, մի խոսքով՝ ամեն բան, ինչ ցանկանում ես:

Մեթոդի բանալին մնում է աղանդի ձեռքում: Դուք ցուցակագրվում եք առաջին կուրսի (դասընթացի) համար, որն արժե, օրինակի համար, 70 դոլար, և անցնում եք այն, բայց պարզվում է, որ դուք դույզն ինչ առաջխաղացման չեք գնացել: Ձեզ պատասխանում են՝ բայց սա դեռ սկիզբն է, իսկ ամենահետաքրքրականը երկրորդ կուրսում է: Հետո՝ երրորդ կուրս, չորրորդ, հինգերորդ: Դա նմանվում է ավանակի դնչի առաջ կախված գազարին, որի հետևից նա պետք է շարունակի վազել, բայց բռնել այն անկարելի է: Տիրում է մի այնպիսի վիճակ, որ մնացել է շատ քիչ մեդիտացիա անել կամ ևս մեկ կուրս անցնել, կամ խմբի մեջ ներգրավել ևս այսինչ թվով հետևորդներ, և մտածում ես. չէ՞ որ արդեն այդքան ճանապարհ ես անցել… Այսպիսի մեթոդի օգնությամբ ձեզ ամուր պահում են կարթից կախված:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Հրաշքներն աղանդներում կամ Սատանայի հզոր զենքերից մեկը

Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Գուռուիզմ» (I)

գուռու/առաջնորդԲառարաններում աղանդները սահմանվում են մոտավորապես այսպես. աղանդը հարաբերականորեն ոչ մեծ կրոնական խումբ է, որը գործում է երկրի հիմնական եկեղեցիներից անկախ: Այս սահմանումն այնքան էլ դիպուկ չէ, քանզի այն զուտ սոցիոլոգիական է: Եթե առաջնորդվենք այսպիսի սահմանումով, ապա օրինակ, Ֆրանսիայում Ուղղափառությունը կարող է միանգամայն համապատասխանել աղանդ հասկացությանը:

Սարկավագ Անդրեյ Կուրաևը իր «Սատանիզմը մտավորականության համար» գրքում տալիս է աղանդի աստվածաբանական սահմանումը. «Աղանդավորական է համարվում ցանկացած կրոնական գործունեություն, որն իրականացվում է Եկեղեցուց դուրս և ուղղված է նրա դեմ:

Սրա հետ մեկտեղ պետք է անմիջապես 2 ճշգրտում անել:

Նախ, պետք է ճշտել, որ ոչ մի աստվածաբան կամ եպիսկոպոս չի կարող գծել Եկեղեցու հստակ սահմանները: Եկեղեցին կյանք է Աստծո մեջ, կյանք Քրիստոսում: Ցանկացած բժիշկ գիտի, թե որքան դժվար է որոշել կյանքի ու մահվան սահմանը: Կենսաբանը հասկանում է, որ կենդանականի ու անկենդանականի միջև սահմանն այն աստիճան ակնհայտ չէ, որքան դա կարող է թվալ կենսաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին: Եվ, այնուամենայնիվ, հասկանալի է, որ ճանապարհին փռվող ասֆալտը կենդանի մատերիա չէ: Նմանապես ակնհայտ է, որ «Աում Սինրիկյեն» կամ «Ագնի յոգան» քրիստոնեություն չէ, դա այն է, ինչ գտնվում է Քրիստոսի Եկեղեցուց դուրս:

Երկրորդ անհրաժեշտ ճշգրտումը. աղանդ չեն բուդիզմը կամ հինդուիզմը, որոնք ի հայտ են եկել մինչև Ավետարանը և նրան չեն ընդդիմանում: Բայց աղանդ են նեոբուդդիզմը (նորատեսակ բուդդիզմը) և նեոհինդուիզմը, որոնք փորձում են արևմտյան աշխարհում վերածնել ոչ ավետարանական կրոնականությունը, և հաստատվել են քրիստոնեության հետ ակնհայտ ու անխուսափելի պայքարում»:

Համաձայն արևմտյան կրոնագիտության, տոտալիտար աղանդների համար հայտանշական են 4 հիմնական հայտանիշեր:

1. Գուռուի (առաջնորդի) առկայություն՝ «Գուռուիզմ»

գուռու/առաջնորդԱղանդի մեջ ամեն բան սկիզբ է առնում առաջնորդից և ավարտվում է նրանով, որ ամեն ինչ պարփակվում է նրանում: Աղանդի մեջ, բացի առաջնորդից (նրա հետ կապից, ինչպես որ աղանդավորներն են այն պատկերացնում), որևէ կապ Աստծո հետ չկա և չի կարող լինել: Մեծ թվով աղանդներ քայքայվում են գուռուի մահից հետո, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա կամ դրանցում հայտնվել է ժառանգորդ գուռու (հիշենք՝ «Ստալինն այսօրվա Լենինն է»), կամ ինքը կազմակերպությունն է իր վրա վերցնում այդ դերը: Կազմակերպության աճի հետ հայտնվում են գուռուի բազում օգնականներ, «մերձավոր անձինք», ովքեր շարքային աղանդավորների համար «փոքրիկ գուռուների» դեր են խաղում: Նրանք նմանակում են գուռուին, իսկ աղանդավորները՝ նրանց: Այսպիսի բրգաձև կառույցն ապահովում է կազմապերպության մեջ կառավարելիության խստությունն ու միօրինակությունը:

Շարունակությունը՝ այստեղ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը