ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԴԻՎԱՀԱՐ ՏՂԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Սույն պատմությունն իրական է,
պատմությունը պատմողի ցանկությունն էր
մարդկանց հաղորդ դարձնելու
մեր օրերում Աստծու կատարած
հրաշքին ու ողորմածությանը:

ք. Երևան, 2017թ.

                                                                                       ***

«… առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել
չարի բոլոր մխացող նետերը» (Եփես. 6:16)

                           

16558431_1347432861980026_910735910_n

Ջակոբելլո դել Ֆիորե, Միքայել հրեշտակապետը հաղթում է սատանային, 1421 թ.

Այս պատմությունը պատահեց որդուս հետ երկու տարի առաջ: Տղաս բողոքում էր սրտի ծակոցներից, բայց բժշկական հետազոտությունները ոչինչ ցույց չէին տալիս, բժիշկների կատարած էլեկտրասրտագրության (ռուս. ЭКГ) թուղթը դուրս էր գալիս առանց որևէ արձանագրության: Ի վերջո հայտնվեցինք Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Տղաս գալարվում էր, գիտակցությունը կորցնում: Ոչինչ չէր պարզվում: Հետո սկսեց չհիշել. հարցնում էր՝ ով է ինքը, քանի տարեկան է, անունն ինչ է: Շատ հուսահատ էինք…

Մի անգամ քույրս, գալով հիվանդանոց, իր հետ բերեց մեր տատիկի հին Կիպրիանոս աղոթագիրքը: Սկսեց աղոթքներ բարձրաձայն կարդալ: Երբ սկսեց կարդալ «Վասն կապանաց դիւաց…» աղոթքը, տղաս հարձակվեց նրա վրա, որպեսզի պատռի գիրքը, գազանի ձայներ արձակելով և մատները տարօրինակ ժեստով վեր պարզելով՝ սկսեց խոսել ինչ-որ անհայտ լեզվով: Մոտավորապես հասկացանք, որ դա նրա մոտ ոչ թե հիվադության նախանշաններ, այլ գերբնական երևույթ էր:

Աստծո կամոք շատ արագ գտանք դիվահալածության կարգ կատարող քահանային: Յոթանգամյա կարգ կատարելուց հետո դևը հանգիստ թողեց երեխայիս: Կարծում էինք, թե դա վերջն էր, բայց հետագայում պարզվեց, որ կար շատ լուրջ պատճառ, թե ինչու դևը նրան չթողեց, ինչի մասին տեղյակ չէր ո՛չ քահանան, ո՛չ էլ մենք… դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու:

Մոտ երկու տարի շարունակ տղաս ժամանակ առ ժամանակ հարձակման էր ենթարկվում չարի կողմից: Գնալով ավելի էինք տագնապում, չգիտեինք ինչ անել: Հույսս միայն Աստծո վրա էր: Այդ ընթացքում տղաս հաճախ էր հակամարտության մեջ մտնում չարի հետ: Չարը փորձում էր նրան գայթակղել՝ տարբեր հեռանկարներ առաջարկելով. մեկ ասելով, որ նրան փառքի կհասցնի, մեկ՝ գերբնական հատկություններով կօժտի և այլն: Տղաս պայքարում էր Աստծո Անունով, խաչով, Աստվածաշնչով: Չարը նրան գետնին էր տապալում՝ խեղդելու փորձեր անելով:

Մի օր եկանք տուն և տեսանք, որ տղայիս սենյակը տակնուվրա է արված: Պատի խաչը պոկած-գցած էր հատակին, բայց տնից ոչինչ չէր պակասել: Հասկացանք, որ հնարավոր  չէր, որ տուն մտնողը մարդ լիներ, և մենք անմիջապես քահանայի կանչեցինք՝ տնօրհնեք կատարելու:

Դրանից հետո՝ բավական ժամանակ անց, երբ տղաս իր սենյակում բարձրաձայն «Նարեկ» էր կարդում, լեզուն սկսեց ծանրանալ, իրեն չենթարկվել, հանկարծ սենյակում լսվեց մի զազրելի ձայն՝ «Մի՛ կարդա»:

Մի օր էլ տղաս հուսահատված եկավ տուն և ասաց, որ այլևս այդպես չի կարող ապրել և ավելացրեց՝ «Հույսս Աստծուց կտրում եմ»: Ես սարսափեցի այդ բառերից, սկսեցի աղոթել՝ ներդնելով այնքան հոգեկան ուժ, որքան որ հնարավոր էր: Մի ակնթարթում տեսա, որ տղայիս դեմքը սկսեց խաղաղվել, անշարժացել էր և ուշադիր մի բանի էր հետևում: Քիչ անց ասաց, որ տեսիլք ունեցավ և պատմեց՝ ինչ էր տեսել: Նախ նա տեսել և վերհիշել էր անցյալից մի եղելություն, որի մասին վերևում հիշատակեցի, որ չգիտեինք ո՛չ ես, ո՛չ էլ դիվահալածության կարգ կատարող քահանան, քանի որ դևերը նրա շուրթերը կապել էին, որ նա չպատմի ու դրանով հանդերձ մնա դևի գերության մեջ: Դա նրանից ծածկված էր եղել այդքան ժամանակ: Դեռ 4 տարի առաջ փոխեցինք նրա դպրոցը: Նա այդ ժամանակ 14 տարեկան էր, և նոր դպրոցում տղաները նեղում էին նրան. ծեծի էին ենթարկել, նույնիսկ ռետինե ատրճանակով վրան կրակել էին: Բայց նա մեզ ոչինչ չէր ասել, ցանկացել էր ինքնուրույն իր հարցերը լուծել: Եվ մի օր նա նստած է լինում բակում՝ վրեժի ծարավից այրվելով ու հանկարծ մի ձայն է լսում՝ իրեն ուղղված հարցով՝ «Կուզե՞ս քեզ օգնեմ, որ դրանցից վրեժ լուծես»: Տղաս առանց երկմտելու պատասխանում է՝ «Այո՛, այո՛, կուզեմ»: Ձայնն ասում է՝ «Բայց դրա դիմաց պիտի հոգիդ ինձ տաս»: Տղաս պատմելու ընթացքում ինձ ասաց, որ ինքը լավ էլ գիտակցում էր, որ Աստծուն դեմ բան է անում, բայց համաձայնվում է անել այդ: Համաձայնվելու պահին մի հսկայական սև էակ է հայտնվում իր առջև, ձեռքին մի երկար թուղթ, տղայիս ձեռքը սկսում է չենթարկվել իրեն, կողքին մի կոտրած շշի կտոր է լինում, որով ձեռքը վիրավորում է, և արյունը ցայտում է այդ թղթի վրա՝ ծավալուն հետք թողնելով: Ահա հենց այդ պահին էլ դաշինք է կնքում սատանայի հետ: Եվ դա էր պատճառը, որ չէր ձերբազատվում չարի կապանքներից: Հիշում եմ, թե ինչպես էր նա երբեմն ասում անգլերենով. “Lips are sealed” («Շուրթերը դրոշմված են»): Այս ամենը ջնջված էր նրա հիշողությունից, որպեսզի չհիշի, և մենք չպայքարենք:

Օրեր անց՝ կեսգիշերին մոտ, տղաս սկսեց իրեն շատ վատ զգալ: Ասաց, որ կուրծքն այրվում է, հետո այլայլվեց՝ ինձ հազիվ կարողանալով ասել, որ Կտակարանը բերեմ: Մինչև ես ետ կգայի, սենյակից ահավոր մռնչյունի ձայներ էին գալիս: Տղաս աղոթագիրքը բռնել էր ձեռքին և հազիվ էր կարդում՝ ամեն բառի համար ահավոր ճիգեր գործադրելով: Որոշ ժամանակ հետո խաղաղվեց. Կտակարանը սեղմել էր կրծքին, լաց էր լինում՝ շարունակ կրկնելով. «Ինձ ոչինչ հարկավոր չէ, չեմ ուզում հատուկ լինել, չեմ ուզում գերբնական ոչ մի ուժով օժտվել…»: Հետո նա պատմեց մի տեսիլք, որ և՛ Աստծո հայտնություն էր, և՛ ազատագրում չարից, և՛ հրաշք:

16650476_1347437915312854_1656208004_n

Վեցաթև սերովբե, Սուրբ Մարկոսի բազիլիկ, Վենետիկ, 14-րդ դ.

Լսում է չարի ձայնը, որ ասում է. «Ժամն է ընտրության, դու պիտի ընտրես», սենյակում հայտնվում են վեցաթև հրեշտակներ, որոնք դիմում են իրեն. «Քեզ պետք է տանենք Աստծու մոտ՝ դատաստանի, բայց որպեսզի չայրվես, քեզ պիտի ծածկենք մեր թևերով»: Տղաս հայտնվում է մի վայրում, որ դժոխքն էր հիշեցնում. այնտեղ տեսնում է լեփ-լեցուն վանդակներում բանտարկված մարդկանց, որոնք հարատև տառապանքի մեջ էին՝ աղիները դուրս թափվելիս: Նրան ասվում է. «Քո արարքի պատասխանը սա է: Դու դրան ես արժանի»: Հետո հայտնվում է այլ տարածությունում, կանգնում Աստծու և սատանայի միջև: Չարին տեսնում է որպես մի հսկայական սև արարած, որի դեմքն անընդհատ փոխվում է՝ ձեռքին պահած մի գունդ, որը կենդանի է՝ շարժ կա վրան: Գունդը հիշեցնում է մեր մոլորակը: Չարը սկսում է անհամար խոստումներ տեղալ՝ որ իրեն կտա 125 տարվա կյանք, մեծ փառքի կհասցնի, աշխարհահռչակ մարդ կդարձնի և այլն: Տղաս մերժում է: Չարը փորձում է նրա մտքերի մեջ թափանցել և համոզել. դրա դեմ էլ է պայքարում տղաս: Երբ չարը տեսնում է, որ չստացվեց, որդուս գետնին է տապալում ու սկսում չարչարել: Այդ պահին երևում է մի ահռելի լուսեղեն էակ՝ շրջապատված ևս 12 լուսեղեն էակներով: Ենթադրում եմ, որ Տերն էր՝ Իր 12 առաքյալներով: Տղայիս ազդու ձայնով ասվում է. «Մեղա՛ արի»: Նա երեսի վրա է ընկնում՝ լալով մեղա գալիս՝ չարի հետ գործակցելու համար: Ասում է, որ դա մի յուրօրինակ մեղա գալ էր: Ողբում է ասես (իր խոսքերով ասած) մեզ՝ իր հարազատներին տանը մահացած գտներ: Հետո Տերը ազդու ձայնով ասում է. «Հավաքվեցե՛ք, ժամն է հասել»: Բոլոր 12-ն էլ հավաքվում են և աղոթքի նման մի բան ասում: Տղաս տեսնում է իր կրծքից մի հսկայական երկաթյա շղթա դուրս եկած, որի մյուս ծայրը չարի ձեռքում է, և երբ սա քաշում է շղթան, իր հոգին ցնցվում է ցավից ու տառապանքից: Տերը ոսկե մուրճով հարվածում է շղթային և այն սկսում է քայքայվել, ի վերջո անէանում է, և որդուս կրծքին բացված վերքն անհետանում է: Լսում է հրեշտակների ձայնը, որոնք ասում են. «…. կապանքը խզվեց, շղթան խորտակվեց, չարիքը չքվեց…»[1]: Տեսնում է սատանային՝ ձեռքին մի հսկայական թուղթ բռնած, վրայի արյան բծից ճանաչում է, որ դա հենց նույն դաշնագիրն է, որ ինքն էր կնքել: Հանկարծ աստվածային մի հուր այրում է թուղթը: Չարը բոցի ուժից ցնցվում է, հետո ձեռքը օդում թափահարելով՝ հրաժեշտ է տալիս: Տղաս թեթևություն է զգում, նրան հուշում են, որ Աստված գթաց իրեն, որովհետև 4 տարի առաջ նա երեխա է եղել, բայց նաև հորդորում են այլևս երբեք չշեղվել ուղուց և մեղքեր չգործել:

Աստված իր անսահման ողորմածությամբ խնայեց մեզ՝ անարժաններիս՝ փրկելով անդառնալի կործանումից:

Երիցս փառք Տիրոջը:

«…Չար իշխանք հալածին,
Որք ընդ ծառայս քո մարտնչին.
Երեւելով նշան Խաչին՝
Աներեւոյթ կործանեսցին»

(Հատված «Վասն կապանաց դիւաց եւ կախարդաց, աղանդաւորաց եւ վասն դատաստանի յաջողելոյ» աղոթքից)

[1] Մայրն ասաց, որ Նարեկացու Բան ԽԱ-ն է հիշեցնում որդու կողմից այս բառերի վերարտադրությունը, որ հրեշտակներն էին ասել:

Կարդացե՛ք նաև Դիվահարության ուղղադավան ընկալումները

Advertisements

One comment on “ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԴԻՎԱՀԱՐ ՏՂԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

  1. Pingback: Աստծո ողորմածությունը. դիվահար տղայի ազատագրումը | theologos

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s