Հոգեբանները՝ մտավոր և հոգեկան առողջության հիմքերի մասին (13 կետեր)

մտավոր և հոգեկան առողջության հիմքերՆերկայացնում ենք 13 կետերից բաղկացած մտավոր և հոգեկան առողջության հիմքեր, որոնք մշակվել են քրիստոնյա հոգեբանների կողմից և ուղղված են նախ և առաջ այն մարդկանց, ովքեր ուզում ենք փոխել իրենց կյանքը և ազատվել կախվածություններից և/կամ անհատի անցանկալի ազդեցությունից, ինչպես նաև վերանայեն իրենց ներքին համոզմունքները։ Սակայն հիշեք, մտավոր փոփոխության վրա պետք է աշխատել, որպեսզի միտքը ապահովի հոգեկան առողջությունը։ Փոփոխությունը չի գալիս մեկ օրում, սակայն առանց ներքոհիշյալ մոտեցումների և նրանց առօրյա օգտագործման դժվար կլինի ապրել լիարժեք կյանքով, որի կարիքը մենք բոլորս ունենք.

1. Առողջ դատողությունն ԱՐԺԵՎՈՐՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին աշխարհից սեփական անձի արժևորման սպասումը։ Մենք բոլորս կախված ենք ուրիշների կարծիքներից. սպասում ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ ասի, թե մենք գեղեցիկ ենք, խելացի, հավատացյալ։ Սակայն հիշեք` եթե այլ մարդիկ պիտի իրենց խոսքերով ձեզ արժևորեն, ապա նրանք էլ իրավունք ունեն ձեզ արժեզրկելու։ Աստված, ձեզ ստեղծելով, արդեն արժևորել է ձեզ։
2. Առողջ դատողությունն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին հանգամանքներից կախվածությունը։ Շատ մարդիկ իրենց անվտանգ են զգում այն դեպքում, երբ ղեկավարում են, կամ ղեկավարվում են, կամ պարտադիր անդամակցում են որևէ խմբին կամ ընկերությանը։ Սակայն դրա արդյունքում իրենք կորցնում են իրենց անհատականությունը, ազատությունը, անձի ամբողջականությունը։
3. Առողջ դատողությունը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ լինելն է սեփական զգացմունքների, տրամադրության, կյանքի և գործողությունների համար։ Մենք ոչ մեկին չենք կարող փոխել, բացի մեզանից։ Աստված մեզ իշխանություն չի տվել այլոց կյանքերի վրա, այլ միայն մեր սեփական կյանքի։ Մի փորձեք պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, փոխել դիմացինին, մեղադրել հասարակությանը, եկեղեցուն, կառավարությանը։ Դուք ինքներդ եք ընտրում ձեր կյանքի ճանապարհը, ձեր զգացմունքները տարբեր հանգամանքներում։
4. Առողջ դատողությունը ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԱԼԵԼՈՒ կարողությունն է։ Իրական խոնարհություն է պետք՝ տեսնելու այն սխալ համոզմունքները, որ ունես։ Երբ մարդ եսասեր է և ոչ մեկի չի վստահում, հարձակվում է յուրաքանչյուր քննադատության վրա, վիրավորելով պաշտպանում է իր կարծիքը. սա հպարտություն է։ Հպարտությունը համոզմունքն է այն բանի, որ այն, ինչ ես անում եմ և ինչին հավատում եմ, հենց դա է ճշմարտությունը։ Փորձեք լսել ձեզ իսկապես սիրող մարդկանց դիտողությունները։
5. Առողջ դատողությունը ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է` ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ Պետք է կարողանալ պայքարել, փոխվել և համբերել, երբ ապրելն ահնարին է, երբ տխուր է, պատել են վախերը, երբ անհասկանալի է ապագան և երկար ժամանակ է պահանջվում՝ որևէ փոփոխություն տեսնելու համար։ Շատ մարդիկ իրենց կյանքում ուզում են տեսնել որևէ գործողության արդյունքները հենց հիմա, այս պահին։ Նրանք ապրում են պարզ մանկամիտ իրականության մեջ` <ուզում եմ հենց հիմա> կարգախոսով կամ բանաձևով։ Մեր դժվարությունները մեկ վայրկյանում չենք ձեռք բերում, սակայն ուզում ենք մեկ վայրկյանում ազատագրվել դրանցից։
6. Առողջ դատողությունը սեփական անձից և ուրիշներից ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ճիշտ գնահատականն է, անհաջողությունների կամ դժվարությունների հաղթահարման դեպքում սեփական անձի նկատմամբ ներողամտությունն է։ Անառողջ մտածելակերպը` դա պերֆեկցիոնիզմն է, կամ էլ` «ամեն բան կանցնի»։ Այսպիսի մարդիկ կամ սեփական ցանկությունների զոհն են, կամ ինքնախարազանումով են զբաղված, նրանք կամ մշտական զոհեր են, կամ նրանց հնարավոր չէ գոհացնել։ Անհաջողությունները ճակատագրական չեն, բացառությամբ այն դեպքում երբ սխալներից դասեր չենք քաղում։ Եթե գործը արժեքավոր է, վնաս չէ այն առաջին անգամ սխալ անել` հետագայում ավելի կատարելագործվելու նպատակով։ Անհաջողությունները այլևս ճակատարգրական չեն։

7. Առողջ դատողությունը ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎԻ հավասարակշռությունն է կյանքում, երբ կյանքի և մարդկանց գնահատման համար չի օգտագործվում միայն միտքը կամ զգացմունքները։ Անառողջ մտածելակերպ է, երբ մարդը հույսը դնում է միայն իր զգացմունքների վրա կամ մարդկանց գնահատման համար օգտագործում է միայն ռացիոնալ, վերլուծական մոտեցումներ։ Զգացմունքները չեն կարող փոխանցել մարդկանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ` <Եթե այսպես եմ զգում, ուրեմն իրավիճակը այդպիսին է>. զգացմունքներն ընդամենը վերարտադրում են ձեր ենթագիտակցական համոզմունքները։ Չի կարելի նաև թաքնվել միայն մտավոր վերլուծությունների ետևում։
8. Առողջ դատողությունը սեփական ԱՆՑՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Փակվելով անցյալի հիշողությունների և սխալների մեջ՝ դուք չեք կարող երջանիկ լինել։ Ապրելով անցյալով՝ դուք այն տեղափոխում եք ձեր ներկա և ապագա հարաբերությունների մեջ։ Շատ աղանդներում անձին կենտրոնացնում են իր անցյալում կատարած սխալների վրա և չտալով դրա մասնագիտական հոգեբանական լուծումը՝ անձին դրդում են նույն գործողությունների և սխալների իրականացմանը ողջ կյանքի ընթացքում։
9. Առողջ դատողությունը ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔՆ Է։ Սեփական փրկության փոխարեն պետք չէ ուրիշներին <փրկություն> պարտադրել կամ հասուն մարդու փոխարեն ընտրություն կատարել։ Հարգու՞մ եք արդյոք դիմացինի ընտրությունը, թե, եթե ձեզ նման չի մտածում, նեղանում եք, հեռացնում նրան ձեր կյանքից։ Կարողանու՞մ եք ընդունել դիմացինի <ոչ>-ը։ Շատ աղանդներում սուր քննադատության է արժանանում այն մարդը, ով որևէ մեկի օգնության խնդրանքին կամ հրավերին <ոչ> է պատասխանել։ Թե ձեզ ինքնավստահ զգալու համար բոլորը պիտք է պարտադիր համաձայնվեն ձեզ հետ կամ կիսեն ձեր կարծիքը։
10. Առողջ դատողությունը ՓԱՓՈՒԿ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է, որը սիրով, առանց բարկության, ագրեսիայի և մանիպուլյացիայի ճշմարտությունը փոխանցելու կարողությունն է։
11. Առողջ դատողությունը ԶԱՐԳԱՑՈՂ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ, որոնք տալիս են ապահովության և իմաստ ունեցող ապագայի զգացողություն, այլ ոչ թե դատարկ և սին զբաղմունքներով լծվելու հեռանկար։ Ունե՞ք արդյոք կյանքի նպատակներ, գիտակցու՞մ եք՝ ՈՎ ԵՔ ԴՈՒՔ, դեպի ուր եք շարժվում, որն է ձեր վերջնակետը։ Արդյո՞ք դուք եք մշակել ձեր կյանքի նպատակները, թե՞ ուրիշ մարդիկ են դա արել։ Մի գուցե ուրիշի կյանքո՞վ եք ապրում, ընթանում եք ջրի հոսանքի հե՞տ։ Դուք պիտի նպատա՛կ ունենաք ձեր կյանքում։
12. Առողջ դատողությունը ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՝ <ՄԵՐ ՀՈԳՈՒ ՀԱՆԴԵՐՁԻ> ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼՆ Է։ Պետք է հոգուն զուգահեռ կարողանալ զգալ նաև մարմնի պահանջները, պաշտպանել այն, ժամանակին ապահովել անհրաժեշտ սնունդով և ֆիզիկական վարժություններով։ Մարմնի անառողջ վիճակը գիրությունն է կամ հյուծվածությունը։ Պետք է ուշադիր լինել և մարմնին համապատասխան ժամանակներում հանգիստ տալ՝ վերականգնվելու համար։ Այն չի կարող անդադար աշխատել բարձր լարվածությամբ։
13. Եվ վերջապես, առողջ դատողությունն ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԵ ՈՒՄ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ, ԻՍԿ ՈՒՄ՝ ՈՉ։ Միամիտ վստահությունը վտանգավոր է այս աշխարհում, որը լեցուն է սուտ մարգարեներով, մանիպուլյատորներով և հավատքի վրա գումարներ աշխատելու պատրաստակամություն ունեցող խաբեբաներով։ Ձեր վստահությունը պետք է վաստակել, որից հետո դուք կարող եք վստահել որևէ մեկին ձեր մարմինը, սիրտը, մտքերը, ընտանիքը, ֆինանսները։ Զոհ-մարդն է ասում է <այո> այն դեպքում, երբ պիտի ասվեր <ոչ, ոչ մի դեպքում, երբեք>։

 

Leave a comment